Եթե մեղավոր է Կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, որովհետև իրենք են այս Կառավարությանը բերել. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Հունիսի մեկին, պարզվում է, քաղաքապետարաններ են եղել, որ միջոցառումներ են կազմակերպել երեխաների համար. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երբեմն տպավորություն է, թե մենք մեր երեխեքին ավելի շատ ենք սիրում, քան մեր ծնողներներին»,- ասաց նա:
Փաշինյանը շեշտեց՝ ՏԻՄ-երը, գյուղապետերը, քաղաքապետերն իրենց վարչակազմերի ռեսուսրները պետք է օգտագործեն, որ հերթերը, կանոնները պահվեն: «Քաղաքացիներն էլ իրար պետք է ամոթանք տան, իրար պետք է ասենք՝ էս ի՞նչ ենք անում, եկեք սթափվենք»,- ասաց նա և հավելեց, որ մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է:
«Անիմաստ է, որովհետև եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է կառավարությունը: Սա այն կառավարությունը չէ, որ անմասն լինի իր ժողովրդի մեղքից, և եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է ժողովուրդը, որովհետև ժողովուդրն է բերել այս կառավարությանն իշխանության: Մենք մի մարմին, մի օրգանիզմ, մի ամբողջություն ենք, չենք կարող բաժանել, ասել՝ սա կառավարությունն է, սա ժողովուրդն է, լավ ենք, վատ ենք էս ենք: Ես համոզված եմ, որ մենք լավն ենք»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ բանկային համակարգը, «Հայփոստը» պետք է իրենց հարցերը լուծեն, բայց սա չի նշանակում, որ վարչական լծակներ չեն կիրառվելու: Նա օրինակ բերեց «Մեյմանդարի» շուկան։
«Մեյմանդարում, ասացի՝ գիշերը հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել, շուրջ 3 տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, ձերբակալվածներ կան, քրեական գործեր են հարուցվել և պատասխան տվողներ կլինեն, բայց այն, ինչ որ մենք այնտեղ արել ենք, անում ենք, որ կանոնները պահվեն, որ մենք, մեր հարազատները, ծնողները չմահանանք»,- ասաց նա:










