Սպիտակ տան դիմաց կրկին ցույցեր են՝ չնայած պարետային ժամին. հնչում են Թրամփի հրաժարականի և Ֆլոյդի գործով արդարության կոչեր
Սպիտակ տան մոտ բողոքի ցույցերը շարունակվում են չնայած պարետի ժամին, որը սկսվել է տեղի ժամանակով 19:00-ից (Երևանի ժամանակով՝ 03:00): Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Հաղորդվում է, որ Սպիտակ տան տանիքից հսկում են համազգեստով մարդիկ, ենթադրաբար զինված: Ոստիկանությունը ակտիվ գործողություններ չի ձեռնարկում:
Ցուցարարները վանկարկում են՝ «Ձեռքերը վե՛ր, մի՛ կրակիր», այլ վանկարկումներ հայհոյանքներ են պարունակում պարետի ժամի հասցեին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարականի և ոստիկանի ձեռքով սպանված Ջորջ Ֆլոյդի գործով արդարության կոչեր:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել մայիսի 25-ին Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտի սպանությունից հետո: Օրերս սոցցանցերում տարածված 10 րոպե տևողությամբ մի տեսանյութի հրապարակումից հետո, որում ոստիկանը Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտին պառկեցրել է գետնին ու ծնկով սեղմում է նրա վիզը։ Անտեսելով տղամարդու աղաչանքներն ու շնչել չկարողանալու մասին խոսքերը՝ ոստիկանը հրաժարվում է նրան բաց թողնել, դրա հետևանքով Ֆլոյդը մահանում է։
Այս պատահարից զայրացած ցուցարարներն այժմ պահանջում են խստագույն պատասխանատվության ենթարկել մարդասպան ոստիկանին և նրա հետ եղած մյուս երեք սպային, որոնք տեղում ոչինչ չեն ձեռնարկել տղամարդու կյանքը փրկելու համար:










