ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով նվազագույնը 11 մարդ է մահացել. մոտ 4.4 հազարը ձերբակալվել են

05:16 • 03.06.20

Նվազագույնը 11 մարդ է մահացել ԱՄՆ-ում տեղի ունեցող ցույցերի և անկարգությունների հետևանքով, որոնք սկսվել են աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանից հետո: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, հայտնել է KTLA հեռուստաալիքը:

Նշվում է, որ զոհերը Չիկագոյի (Իլինոյիս նահանգ), Դետրոյթի(Միչիգան), Օմահայի (Նեբրասկա), Դևենպորտի (Այովա), Օքլենդի (Կալիֆոռնիա) և Լուիսվիլի (Կենտուկի) բնակիչներ են: Նրանց մեծ մասն աֆրոամերիկացիներ են:

Օքլենդում կրակոցի հետևանքով մահացել է դաշնային ծառայության 53-ամյա սևամորթ աշխատակից Դեյվ Պատրիկ Անդերվուդը, նրա գործընկերը ծանր վիրավորում է ստացել: Օմահայում էլ 22-ամյա սևամորթ Ջեյմս Սքարլոքը սպանվել է, երբ մի խումբ համախոհների հետ ծեծի էր ենթարկում սպիտակ մարդու: Ծեծի ժամանակ վերջինիս հաջողվում է վերցնել ատրճանակն ու կրակել նրան:

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ տարբեր քաղաքներում հարյուրավոր տուժածներ կան, սակայն նրանց հստակ և ամբողջական թիվը որոշել դեռևս անհնար է: Համաձայն Associated Press-ի վերջին գնահատականների՝ վերջին մի քանի օրերում ԱՄՆ-ում ցույցերի և անկարգությունների հետևանքով ձերբակալվել է մոտավորապես 4.4 հազար մարդ: Նրանց մեղադրում են դիակապտության, պարետային ժամը խախտելու, ճանապարհները փակելու համար: Նշվում է, որ անկարգություններով պայմանավորված՝ ԱՄՆ մոտ 40 քաղաքներում պարետի ժամ է սահմանվել, այդ թվում՝ Վաշինգտոնում, Լոս Անջելեսում և Նյու Յորքում: