Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում․ Ամենայն Հայոց Կաթողիկոս
Հունիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում-քննարկում է ունեցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ։ Այս մասին տեղեկացնում է մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
Հանդիպման ընթացքում մասնավոր անդրադարձ է կատարվել համավարակի շրջանում Մայր Աթոռի միաբանների և թեմերում սպասավորող եկեղեցականների գործունեությանը։
Առկա պայմաններում կարևորվել է առավել ջանքերի գործադրումը՝ ամրապնդելու հավատքը, հառնող դժվարությունները Աստծո օգնությամբ հաղթահարելու հույսը, լավատեսության ոգին և սերը հայրենիքի, ազգի ու մեր Սուրբ Եկեղեցու հանդեպ։
Զրույցի ընթացքում քննարկվել են համավարակի հետևանքների հաղթահարման ուղղությամբ Եկեղեցու կողմից ձեռնարկվող քայլերը, մտահոգություն արտահայտվեց հայրենական, քաղաքական կյանքում ստեղծված անհամերաշխության, հակառակության մթնոլորտի առնչությամբ։
Վերջինիս կապակցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնավորապես ասել է․ «Սիրով, խաղաղությամբ, համբերատարությամբ, միմյանց հանդեպ բարի ու հոգատար վերաբերմունքով միայն մենք ի զորու կլինենք հզոր պահել մեր ազգային-եկեղեցական կյանքը, զորացնել մեր պետականությունը, առաջընթացի նոր ուղիներով առաջնորդել երկիր հայրենին։ Այս առումով Մենք ցավով ենք անդրադառնում հայրենական մեր կյանքում, ի մասնավորի նաև համացանցի տիրույթում հաստատված անցանկալի մթնոլորտին, որտեղ սփռվում են վիրավորանք ու թշնամանք, ոտնահարվում են արժեք ու սրբություն։
Կաթողիկոսը նաև խոսել է համավարակի պայմաններում եկեղեցականների առաքելության մասին։ «Սիրելինե՛ր, այսօր՝ համավարակի այս իրավիճակում, հրամայական է է՛լ ավելի կազմակերպել և ինքնակազմակերպվել։ Մայր Եկեղեցին իր հոգևոր դասով այս առումով կարևոր աշխատանք ունի անելու։ Շարունակաբար սատար կանգնելով հայրենի պետության ջանքերին` մենք պարտավոր ենք ուղղորդել մեր հավատավոր զավակներին ու կոչ անել, որպեսզի թե՛ եկեղեցիներ, թե՛ ուխտատեղիներ և այլուր այցելելիս խստորեն հետևեն պատկան կառույցների սահմանած կանոններին։ Պետք է բարձրացնենք յուրաքանչյուր անհատի՝ այլոց կյանքի անվտանգության համար պատասխանատվության գիտակցությունը։ Այսօր չունենք ավելի կարևոր հրամայական, քան վարակի տարածման կանխարգելումը, որպեսզի վերադառնանք մեր բնականոն կյանքի ընթացքին»։










