«Որքա՞ն երկար ենք պատրաստվում լռել»․ Գրետա Թունբերգը դատապարտել է ԱՄՆ-ում բողոքի ակցիաների ժամանակ «ոստիկանության դաժանությունն ու ազատ մամուլի վրա հարձակումները» և կոչ արել ԵՄ-ին միջոցներ ձեռնարկել
Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգը կոչ է արել ԵՄ առաջնորդներին դատապարտել ԱՄՆ-ում Black Lives Matter ցույցերի ժամանակ «ոստիկանության դաժանությունն ու ազատ մամուլի վրա հարձակումները», գրում է Daily Mail-ը։
17-ամյա ակտիվիստուհին Twitter-ում գրառում է կատարել Նյու Յորքում ցույցերի ժամանակ երկու ոստիկանների կողմից 75-ամյա տղամարդուն հրելու և մայթեզրին գցելու կապակցությամբ։
«Ես դեռ սպասում եմ, երբ ԵՄ-ն և առանձին ժողովրդավարական երկրները պաշտոնապես կդատապարտեն ոստիկանության դաժանությունն ու ազատ մամուլի վրա հարձակումները, որոնք ահագնանում են ԱՄՆ-ում»,-գրել է Թունբերգը՝ հավելելով․ «Որքա՞ն երկար ենք պատրաստվում սպասել, տեսնել և լռել»։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:










