Որոշակի սրբագրումներ անելով՝ շարունակելու ենք պրոցեսը. Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքացիների լուսանկարները, տեսանյութերը տարածելու մասին
Ցանկացած հրապարակում ահազանգ է, և եթե որևէ ահազանգ չի հաստատվում, շատ ավելի լավ, այդպիսով ծառայում է իր նպատակին: Այս մասին պարետատան նիստից հետո հրավիրված ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարած ֆլեշմոբին, որից պարզ է դառնում որ որոշ նկարներ և տեսանյութեր հին են, ահազանգերը հերքվում են:
«Ուզում եմ բերել մեկ օրինակ, երբ մի կազմակերպության կողմից հերքվել էր մի ահազանգ. երեկ ուշ երեկոյան պարզվեց, որ նույնանուն կազմակերպության կողմից կազմակերպվել է մի խայտառակ միջոցառում, ոչ միայն այն առումով, որ հավաքույթ է տեղի ունեցել, այլ բեմական համարներ են ցուցադրվել, որտեղ հրապարակվում է, որ այդ միջոցառումը, որը հիմա տեղի է ունենում, արգելված է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մեղադրանքներին, որ անձնական տվյալներ են հրապարակվում, Փաշինյանը նշեց, որ հարցը քննարկվել է անհատական տվյալների պաշտպանության գործակալության հետ և պարզվել է, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք իրենց լուսանկարները հրապարակել են հրապարակային նշանի ներքո, այդպիսով թույլատրել են բոլորին վերահրապարակել իրենց լուսանկարները:
«Կա անհատական տվյալների պաշտպանության խնդիր, և մենք ամեն ինչ կանենք այդ տվյալները հնավորինս պաշտպանելու համար, մյուս կողմից էլ կա հանրային շահ, օրինականության շահ, և ես, այո, ՀՀ քաղաքացիներին կոչ եմ անում միանալ այդ ֆլեշմոբին, այդ թվում անհատական տվյալների հնարավորինս պաշտպանությամբ հրապարակել բոլոր դեպքերը, որ նաև պետական մարմինների աշխատանքը լինի ավելի հասցեկան և արդյունավետ: Այս ընթացքում մենք դրա կոնկրետ օրինակները տեսել ենք: Մենք որոշակի սրբագրումներ անելով՝ շարունակելու ենք այդ պրոցեսը»,- ասաց նա:










