«Մի կողմ դրեք ձեր հպարտությունը և գործով զբաղվեք»․ Թրամփը «հպարտ» նահանգապետերին կոչ է արել անկարգությունների դեմ պայքարում ներգրավել Ազգային գվարդիային
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նահանգապետերին կրկին կոչ է արել Ազգային գվարդիան օգտագործել ԱՄՆ-ում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված անկարգությունների դեմ պայքարելու համար, գրում է Reuters-ը։
«Որոշ չափազանց հպարտ նահանգապետերին առաջարկում եմ հպարտությունը մի կողմ դնել և գործով զբաղվել։ Դուք շատ ավելի լավ կաշխատեք, եթե ներգրավեք Ազգային գվարդիային։ Զանգահարեք ինձ»,-մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թրամփը։
Մոտ 25 նահանգներ ավելի վաղ անկարգությունների դեմ պայքարում ներգրավել էին Ազգային գվարդիան, որոշներն էլ հրաժարվել էին։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:










