«Ես այսուհետ խոստանում եմ լսել, սովորել և գործել»․ Լեոնարդո դի Կապրիոն խոստացել է պայքարել ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի և սոցիալական անարդարության դեմ

23:57 • 05.06.20

Հանրահայտ դերասան Լեոնարդո դի Կապրիոն խոստացել է պայքարել ԱՄՆ-ում համակարգային ռասիզմի և սոցիալական անարդարության դեմ։

Դերասանն  Instagram-ում իր առաջին հրապարակային հայտարարությունն է արել ԱՄՆ-ում շարունակվող բողոքի ակցիաների և Black Lives Matter-ի ցույցերի վերաբերյալ, ինչպես նաև խոստացել է արդյունավետ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ում փոփոխությունների հասնելու համար։

«Ես այսուհետ խոստանում եմ լսել, սովորել և գործել։ Ես մտադիր եմ վերջ դնել սևամորթների դեմ անիրավությանը»,- գրել է Դի Կապրիոն:

Դերասանի խոսքով՝ «կաջակցի այն մարդկանց, կազմակերպություններին և ընկերություներին, որոնք հավատարիմ են երկարաժամկետ փոփոխությունների հասնելու կարգախոսին»։

«Ես նվիրատվություն կկատարեմ անձամբ յուրաքանչյուր կազմակերպությանը»,- հավելել է դերասանը։

Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:

Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել: