«Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել». կորոնավիրուսից բուժված բժիշկ
Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել: Պարետատան նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց «Արմենիա» ԲԿ-ի Նյարդավիրաբուժության բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը, ով վարակվել էր կորոնավիրուսով, ունեցել երկկողմանի թոքաբորբ, իսկ այսօր արդեն ապաքինվել է հիվանդությունից:
Նրա խոսքով՝ վարակն արժանի է բավականին լուրջ ուշադրության: «Իհարկե, երիտասարդների մոտ այն ընթանում է հեշտ, սակայն նրանք վարակում են իրենց ընտանքի ավագ անդամներին: Վերջիններիս բուժումը շատ աշխատատար է, երբեմն՝ անհնարին», - նշեց բժիշկը:
Նա հավելեց, որ ժողովուրդը պետք է համախմբվի պատերազմական իրավիճակներում, պատերազմն ունի իր բոլոր կանոնները, իսկ պատերազմի ժամանակ հրամանները չեն քննարկվում, կատարվում են: «Պետք է կրել դիմակ, ձեռնոց, պահպանել սոցիալական հեռավարությունը, և ես հավաստիացնում եմ՝ կանցնի երեք շաբաթ, եթե բոլորս այս վայրկյանից կատարենք այս պահանջները, մենք ամսի 26-ին, 27-ին հաղթահարած կլինենք համաճարակը»,- շեշտեց նա:










