Բրազիլիայում զուգահեռաբար տեղի են ունեցել Ժաիր Բոլսոնարուի աջակիցների և նրա վարած քաղաքականությանը դեմ մարդկանց ցույցերը (լուսանկարներ)
Բրազիլիայում կիրակի զուգահեռաբար տեղի են ունեցել երկրի նախագահ Ժաիր Բոլսոնարուի աջակիցների և նրա վարած քաղաքականությանը դեմ մարդկանց զանգվածային ցույցերը, գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։
Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել «Ընդդեմ ռասիզմի և ֆաշիզմի» և «Ահաբեկչությունը ոչնչացմանն ուղղված կառավարության քաղաքականությունն է» պաստառներով։
Հաղորդվում է, որ Սան Պաուլոյում Բոլսոնարուին աջակցելու համար ցույցի է դուրս եկել մոտ 50 մարդ։ Միևնույն ժամանակ, նրանց ակցիայի անցկացման վայրից մոտ 10 կմ հեռավորության վրա հազարավոր բրազիլացիներ բողոքի են դուրս եկել երկրի ղեկավարի դեմ։ Բոլսոնարուն բազմիցս մասնակցել է իր կողմնակիցների ակցիաներին, որոնք հանգստյան օրերին կանոնավոր կերպով անցկացվում են մայրաքաղաքի կառավարական թաղամասում:
«Բոլսոնարուն ամեն ինչի դեմ է։ Նա մտածում է միայն հարուստների մասին»,- ասել է ցուցարարներից մեկը։
Բոլսոնարուն կարծում է, որ COVID-19-ն ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպը, և դեմ է երկրում կարանտինային միջոցների սահմանմանը։ ԱՄՆ նախագահի հետ գաղափարների նմանության պատճառով նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»։
Ավելի վաղ նա սպառնացել էր դուրս գալ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից՝ հայտարարելով. «Ես հենց հիմա հայտարարում եմ՝ Միացյալ Նահանգները լքել է ԱՀԿ-ն, և մենք նույնպես ապագայում դիտարկում ենք այդ հնարավորությունը։ Կա՛մ ԱՀԿ-ն աշխատում է առանց գաղափարական կողմնակալության, կա՛մ մենք նույնպես հեռանում ենք։ Մեզ պետք չէ, որ դրսից մարդիկ մատնանշեն՝ ինչ անել մեր առողջապահության ոլորտում»։
Օրերս նաև հայտնի էր դարձել, որ Բրազիլիայի իշխանությունները դադարել են երկրում կորոնավիրուսով վարակման ընդհանուր դեպքերի մասին տվյալներ հրապարակել:
Հունիսի 8-ի վաղ առավոտյան Ջոնս Հոփկինսի անվան համալսարանի տվյալներով՝ Բրազիլիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 685 427-ի:














