Մեծ Բրիտանիայում ցուցարարները ծովախորշն են նետել ստրկավաճառի արձանը, Չերչիլի հուշարձանը պղծել «ռասիստ էր» գրությամբ (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայում շարունակվում են ռասայական խտրականության և ոստիկանական կամայականության դեմ զանգվածային բողոքի ակցիաները: Չնայած գործող կարանտինին՝ հունիսի 7-ին հազարավոր մարդիկ դուրս են եկել Լոնդոնի, Բրիստոլի, Քարդիֆի, Մանչեսթերի և այլ քաղաքների փողոցներ, գրում է Daily Mail-ը։
Ցուցարարները պահանջել են պատասխանատվության ենթարկել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան մեղավորներին։
Ընդհանուր առմամբ, ցույցերը խաղաղ բնույթ են կրել, սակայն կիրակի երեկոյան մի քանի ցուցարար հարձակվել է իրավապահների վրա և նրանց ուղղությամբ նետել ապակյա շշեր:
Բրիստոլում բողոքի ակցիաների մասնակիցներն ապամոնտաժել են 17-րդ դարի ստրկավաճառ Էդվարդ Քոլսթոնի հուշարձանը և այն նետել ծովախորշը: Այս քայլը խորհրդանշական է, քանի որ Էդվարդ Քոլսթոնն իր հարստությունը ձեռք է բերել ստրուկների շահագործման միջոցով։
Լոնդոնում ցույցի մասնակիցները պղծել են Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի հուշարձանը: Ցուցարարները ներկի օգնությամբ ջնջել են Չերչիլի ազգանունը՝ այն փոխարինելով «ռասիստ էր» գրությամբ։
Լոնդոնի ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել է ավելի քան 20 ոստիկան, կարգազանցները ձերբակալվել են:
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող Վեսթմինսթեր շրջանում մինչև առավոտյան 6-ը պարետային ժամ է սահմանվել:
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում՝ մայիսի 25-ին: Դրանից հետո ամբողջ երկրով մեկ օրեր շարունակ չէին դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար:
Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:























