Հյուսթոնում մեկնարկել է ոստիկանական գորոծողությունների հետևանքով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը. ուղիղ

21:59 • 09.06.20

ԱՄՆ Հյուսթոն քաղաքում մեկնարկել է ոստիկանի գործողությունների հետևանքով մահացած սևամորթ Ջորջ Ֆլոյդի հուղարկավորության արարողությունը:

Ինչպես ներկայացնում է CNN-ը, Ֆլոյդի ընտանիքն արդեն ժամանել է եկեղեցի, նրանք բոլորը կրում են սպիտակ հագուստ:

Նշվում է, որ Ֆլոյդի մարմինը հուղարկավորության ընթացքում դեպի Հյուսթոնի Memorial Gardens գերեզմանատուն կուղեկցեն Հյուսթոն քաղաքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները: Գերեզմանատան ճանապարհի վերջին մեկ մղոնը Ֆլոյդի մարմինը կտանեն ձիակառքով:  

Ակնկալվում է, որ արարողության ժամանակ հավաքվածներին իրենց խոսքը կուղղեն ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, կոնգրեսականներ Ալ Գրինը, Շելիա Ջեքսոն Լին, Հյուսթոնի քաղաքապետ Սիլվեստր Թերները:

Հիշեցնենք, որ այսօր ավելի քան 6000 մարդ ԱՄՆ-ում վերջին հրաժեշտն է տվել Ջորջ Ֆլոյդին:

Սևամորթ տղամարդը սպանվել է մայիսի 25-ին Մինեապոլիս քաղաքում, երբ ձերբակալության ժամանակ նախկին ոստիկան Դերեկ Չաուվինը ավելի քան 8 րոպե ծնկով սեղմած է պահել վերջինիս պարանոցը, ինչի հետևանքով նա մահացել է: