«Անսպասելիորեն» մահացել է Բուրունդիի 55-ամյա նախագահը. Բուրունդիում կարծում են, որ նախագահը մահացել է կորոնավիրուսից

09:38 • 10.06.20

Մահացել է Բուրունդիի 55-ամյա նախագահ Պիեռ Նկուրունզիզան։ Կառավարության հայտարարության մեջ նշվում է, որ նախագահը մահացել է սրտի կաթվածից, գրում է The Guardian-ը։

Կառավարության հայտարարության համաձայն՝ նախագահը շաբաթ օրը ներկա է եղել վոլեյբոլի խաղին, սակայն նույն երեկոյան նրա ինքնազգացողությունը վատացել է, և նա տեղափոխվել է հիվանդանոց:

«2020 թվականի հունիսի 8-ին նրա առողջությունը հանկարծակի վատացել է, և նրա մոտ սրտի կաթված է արձանագրվել»,- ասված է հայտարարության մեջ, որտեղ նշվում է, որ Նկուրունզիզայի մահն «անսպասելի» էր բոլորի համար։ 

Չնայած կառավարության հայտարարությանը՝ Բուրունդիում ոմանք կարծում են, որ Նկուրունզիզան մահացել է կորոնավիրուսից։

Հայտնի է, որ ավելի վաղ նախագահի կնոջ մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել, որից հետո նրան տեղափոխել էին Քենիա։ Շատերը կասկածում էին, որ նախագահը նույպես կարող է վարակված լինել։

Նկուրունզիզան երկիրը կառավարել է 15 տարի: 2015 թվականին երրորդ ժամկետով առաջադրվելու նրա որոշումը հանգեցրել է անկարգությունների, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել։ Մի քանի շաբաթ անց պետք է տեղի ունենար Էվարիստ Նդայիշիմիեի երդմնակալության արարողությունը, որը նախագահի պաշտոնում ընտրվել էր մայիսին:

Երկրում յոթօրյա սուգ է հայտարարվել։