Արարատի մարզում կա կորոնավիրուսով վարակված 1165 մարդ, որոնցից առողջացածները 474-ն են, այսoրվա դրությամբ էլ 17 մահ է գրանցվել. մարզպետ

12:37 • 10.06.20

Իմ ամենօրյա հսկողության ներքո է գտնվում մարզում կորոնավիրուսով վարակված մեր քաղաքացիների թե՛ առողջական վիճակը, թե՛ թվային տվյալները: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:

«Մարզում այս պահին ունենք 1165 վարակվածներ, որոնցից առողջացածները 474 են, մյուսները կամ ամբուլատոր բուժում են ստանում, կամ հիվանդանոցային և այսօրվա դրությամբ ունենք 17 մահ»,- ասաց նա:

Մարզպետն ընդգծեց, որ, ընդհանուր առմամբ, վիճակը գտնվում է վերասհոկողության ներքո:

«Նոր կարգավորումներով արդեն առողջության առաջնային պահպանման կենտրոնները՝ ամբուլատորիաներն են զբաղվում թեթև հիվանդների առողջական վիճակով, իսկ ավելի բարդ դեպքերով հիվանդները բուժում են ստանում Հայաստանի վերապրոֆիլավորված բուժկենտրոններում: Արտաշատի ԲԿ-ն, ինչպես գիտեք, վերապրոֆիլավորվել է և դարձել է ինֆեկցիոն հիվանդանոց, երկու օր է արդեն Վեդիի ԲԿ-ն էլ է որպես ինֆեկցիոն հիվանդանոց գործում, Արտաշատում թվով 125 հիվանդների կարող են ընդունել, Վեդիում՝ 100»,- տեղեկացրեց մարզպետը:

Tert.am-ի դիտարկմանը՝ հրապարակում կար, որ Վեդիի ԲԿ-ն ավելի վաղ է ցանկացել հիվանդների ընդունել, սակայն մերժել են, դա ինչո՞վ է պայմանավորված, Սարգսյանն ասաց. «Դա ցանկությամբ չէ, եթե տեսնում են, որ հիվանդանոցը բավարար ռեսուրսներ ունի թե՛ բժիշկների մասով, թե՛ ֆինանսական մասով, ապա միանշանակ եթե ցանկություն կա նոր հաշվի է առնվում»: