Հայաստանն աշխարհում 2-րդն է խաղաղության մակարդակի բարելավման ամենաէական աճի ցուցանիշով, սակայն երկրում ավելացել է քաղաքական տեռորի մակարդակը. Global Peace Index 2020
«Տնտեսության և խաղաղության ինստիտուտ» (Institute for Economics and Peace) վերլուծական կենտրոնը հրապարակել է «Խաղաղության համաշխարհային ցուցիչ 2020» (Global Peace Index 2020) զեկույցը՝ բաղկացած 163 երկրից:
Կենտրոնի փորձագետները զեկույցը կազմելիս հաշվի են առնում հետևյալ երեք ցուցիչները՝ սոցիալական ապահովության և անվտանգության մակարդակ, առկա ներքին և արտաքին կոնֆլիկտներ, ռազմականացվածության աստիճան:
Այս տարվա զեկույցի տվյալները փաստում են, որ աշխարհում, ընդհանուր առմամբ, նկատվել է խաղաղության մակարդակի 0.34 տոկոս անկում, և սա վերջին տասներկու տարվա ընթացքում այս ցուցանիշի անկման իններորդ դեպքն է:
Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն 2.135 միավորով վարկանիշային աղյուսակում 99-րդն է՝ տարածաշրջանային պետություններից զիջելով միայն Վրաստանին: Հատկանշական է, որ Հայաստանը, նախորդ տարվա համեմատ, 15 կետով բարելավել է իր դիրքը: Վրաստանը 2.116 միավորով 95-րդն է և արձանագրել է 4 կետով առաջընթաց: Ադրբեջանը 2.3 միավորով 120-րդ տեղում է. երկիրը 12 կետով բարելավել է իր դիրքերը: Իրանը 5 կետով անկում է գրանցել և 2.672 միավորով 142-րդ տեղում է: Թուրքիան 2 կետով բարելավել է իր դիրքն ու 2.959 միավորով գտնվում է 150-րդ հորիզոնականում: Մինչդեռ Ռուսաստանը 3.049 միավորով 154-րդ տեղում է:
Հատկանշական է, որ աշխարհի կտրվածքով Հայաստանը ներառվել է խաղաղասիրության մակարդակի բարելավման ամենաէական աճ գրանցած հինգ պետությունների ցանկում՝ զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը: Առաջինում գտնվում է Ադրբեջանը, որը, ըստ զեկույցի հեղինակների, Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման արդյունքում ամենանշանակալի առաջընթացը գրանցել է առկա հակամարտություն ցուցիչով:
«Երկու պետությունների միջև վերջին խոշոր բաց հակամարտությունը տեղի է ունեցել 2016թ., երբ խախտվել է հրադադարի ռեժիմն ու այսպես կոչված «քառօրյա պատերազմի» հետևանքով 300-500 մարդ է սպանվել: Երեք տարվա հարաբերական անդորրից և 2017-19թթ. օպերացիոնալ հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կայունացել է»,-նշել են փորձագետները: Միևնույն ժամանակ նրանք արձանագրել են, որ Ադրբեջանը վերը նշված բարելավումից անկախ, շարունակում է էական խնդիրներ ունենալ սոցիալական ապահովության և անվտանգության ցուցիչով, երկրում բարձր է հանցավորության, քաղաքական անկայունության և տեռորի մակարդակը:
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա այն այժմ աշխարհի հարյուր ամենախաղաղ երկրների ցանկում է, ինչը տեղի է ունեցել հարևան պետությունների հետ հարաբերությունների բարելավման, բանտարկյալների թվի նվազման արդյունքում: Հայաստանն ամենաէական բարելավումն արձանագրել է առկա հակամարտություն ցուցիչով: Այս փոփոխության հիմնական շարժիչ ուժը հարևան Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումն է, մասամբ՝ «թավշյա հեղափոխությունը» ու ԼՂ հակամարտության կայունացումը: Ապահովություն և անվտանգության ցուցիչով Հայաստանն էականորեն բարելավել է բանտարկյալների թվի ցուցանիշը՝ արձանագրելով 35 տոկոս անկում: Այժմ յուրաքանչյուր 100 000 բնակչին բաժին է ընկնում 76 կալանավոր, ինչը նշանակում է, որ Հայաստանն այժմ Եվրասիայի տարածքում կալանավորների թվով լավագույն ցուցանիշն ունի:
Բացի այդ, բարելավում է եղել ինքնասպանության մակարդակի, քաղաքական անկայունության բնագավառներում: Այնուհանդերձ՝ երկիրը որոշ ցուցիչներով հետընթաց է ունեցել. չնայած քաղաքական կայունությունը բարելավվել է, սակայն դա տեղի է ունեցել կառավարության միջամտության ավելացման գնով, ինչի հետևանքով ավելացել է քաղաքական տեռորի մակարդակը: Բացի այդ, վատթարացում է գրանցվել ռազմականացվածության հարցում. ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանն էականորեն ավելացրել է զենքի ներկրման ծավալն ու ռազմական ծախսերը»,-եզրակացրել են փորձագետները:
Ըստ ներկայացված վարկանիշային աղյուսակի՝ աշխարհի ամենախաղաղ երկիր է ճանաչվել Իսլանդիան, որին հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան, Դանիան, Կանադան, Սինգապուրը, Չեխիան, Ճապոնիան, Շվեյցարիան: Իսկ վատագույն տասնյակում են ներառվել Աֆղանստանը, Սիրիան, Իրաքը, Հարավային Սուդանը, Եմենը, Սոմալին, Լիբիան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Ռուսաստանը:










