Ցավոք սրտի, որոշ ժամանակ հետո ականատես կլինենք Սևանի կանաչելու երևույթին․ արդեն նկատվում են որոշակի նման միտումներ․ մարզպետ
Գեղարքունիքի մարզում ունեցել ենք կորոնավիրուսային հիվանդության 683 դեպք և 13 մահ՝ կորոնավիրուսի հետևանքով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։
«Վարակված քաղաքացիներից 400-ից ավելին արդեն բուժվել են, 280 քաղաքացի ունենք, որոնք դեռևս շարունակում են վարակակիր լինել։ Վերջին օրերին մարզի ցուցանիշները բավական հուսադրող են, վերջին 4 օրերին եղել է 13, 14, 4 և 5 դեպք օրական, ինչը, նախորդ օրերի համեմատ, բավականին հուսադրող է»,- նշեց նա։
Մարզպետն անդրադարձավ նաև Սևանա լճի կանաչելու հետ կապված խնդրին։ Մա մասնավորապես նշեց․ «Կապտականաչավուն ջրիմուռների աճը լրջագույն խնդիր է։ Ցավոք սրտի, իրականությունը դա է։ Արդեն նկատվում են որոշակի նման տենդենցներ և որոշ ժամանակ հետո կունենանք կանաչելու այդ երևույթը։ Թե դա ինչպիսի ծավալներ կընդգրկի և ինչքան կտևի, այս պահին կդժվարանամ ասել, մասնագետները պետք է գնահատեն։ Բայց մենք պետք է հաշվի առնենք, որ նույնիսկ տասնամյակներ շարունակ տեղի է ունեցել պրոցես, որի հետևանքները հիմա տեսնում ենք»,- նշեց մարզպետը։
Անդրադառնալով նրան, որ նախորդ տարի Սևանի կանաչումից հետո հայտարարվում էր, որ պատճառը ափամերձ օբյեկտների, հարակից համայնքների կոյուղաջրերի Սևան հոսելն էր, ինպես նաև համայնքային աղբի առկայությունը լճում, Սանոսյանը նշեց․ «Ափամերձ տարածքների օբյեկտները քանի որ Սևան ազգային պարկի տիրույթում են, այս պահին թվային առումով չեմ կարող ասել՝ քանի օբյեկտ ունի մաքրման կայան, և վերջին հատվածում քանիսն են ավելացել։ Բայց ցավալին այն է, որ կան այդպիսի աշխատող օբյեկտներ, թեկուզ սեզոնային, որոնք դեռ մաքրման կայաններ չունեն»։
Ինչ վերաբերում է Սևանից ձկնագողության խնդրին, մարզպետը նշեց․ «Իմ տեսակետն է, որ մենք ոչ թե ընդհանրապես պետք է արգելենք ձկան որսը, այլ ձկան որսը պետք է համահունչ լինի տարեկան աճի տեմպերին և մենք կարողանանք Սևանում մշտապես որոշակի քանակ, հատկապես՝ ռազմավարական քանակի ձուկ ունենալ»։










