Հրաժարականիս պատճառը հստակ է, ցավոք դիմումս գրելուն հաջորդած 27 օրերին ինձ ծաղրելուց, վախեցնելու փորձերից բացի այլ զարգացում չեմ տեսել․ Սմբատ Գոգյան

13:36 • 10.06.20

Բարձրագույն որակավորման կոմիտեի ղեկավարի պաշտոնից հրաժարված Սմբատ Գոգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանը, թե որոշել է մնալ ու շարունակել պաշտոնավարումը։

«Մամուլու տեղեկություն է պտտվում, թե իբր ես փոշմանել եմ և որոշել եմ մնալ ու պաշտոնավարել ԲՈԿ-ում․․․

Նշեմ, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Մինչև ինձ աշխատանքից ազատելու հրամանի վավերացումն իմ պարտքն ու պարտականությունն եմ համարում գնալ աշխատանքի ու հնարավորինս բարեխղճորեն կատարել այն։ Խնդրում եմ այդ փաստը չխառնել փոշմանելու հետ։

Ես հստակ նշել եմ իմ հրաժարականի պատճառն ու, ցավոք, դիմումս գրելուն հաջորդող 27 օրերի ընթացքում բարձրացրածս հարցերի պատասխանը չեմ ստացել։ Ինձ ծաղրելու, վախեցնելու փորձերից բացի՝ այլ զարգացում չեմ տեսել»: