«Հայանտառի» կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի, 100%-ով ամբողջ աշխատակազմը պետք է փոխվի. Տավուշի մարզպետ (տեսանյութ)

13:27 • 10.06.20

Ուժային կառույցների, հատկապես ոստիկանության ուժերի շնորհիվ կարող ենք արձանագրել, որ անտառահատումները Տավուշի մարզում այլևս վերացած են և գոյություն ունեցող ոչ օրինական դեպքերը հիմնականում հայտնաբերվում են և համապատասխան ընթացք են ստանում, առնվազն 99 տոկոսով կրճատվել են անտառահատման դեպքերը մեր մարզում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

Ըստ նրա՝ դա պետական և հատկապես հանրային վերահսկողության արդյունք է: «Վերջին շրջանում շատ է մեծացել հանրային վերահսկողությունը բնակիչների, տարբեր Հկ-ների կողմից, որոնք ուղղակի հանրային հսկողություն են իրականացնում այդ տարածքներում: Դրան նպաստում է նաև անտառային գոտիներում տուրիստական ենթակառուցվածքների զարգացումը: Այսպիսի կազմակերպություններն ուղղակիորեն իրականացնում են անտառպաշտպանություն: Ես համոված եմ, որ անտառի վերականգնմանն ուղղված աշխատանքներն առաջաիկայում շատ ավելի մեծ թափ կստանան և առաջիկա տարիներին մենք էական փոփոխություն կունենանք մեր անտառային բալանսի մեջ»,- ասաց նա:

Հարցին՝ «Հայանտառի» գործունեությունից գո՞հ է, մարզպետն ասաց, որ «Հայանտառի մասնաճյուղերի կադրային քաղաքականության մեջ պետք է արմատական փոփոխություն լինի և հարյուր տոկոսով պետք է ամբողջ աշխատակազմը փոխվի: «Նախկինում «Հայանտառի» աշխատակիցները փոխկապակցված են եղել և՛ կրիմինալ կառույցների, և՛ այն ուժային կառույցների հետ, որոնք հովանավորել են անտառահատումը, այդ պատճառով այդտեղ փոփոխությունները պետք է արմատական լինեն: Պետք է օրենսդրական փոփոխություններ ստեղծվեն, աշխատանքային օրենսդրությունը թույլ չի տալիս այդ մարդկանց ուղղակի ազատել աշխատանքից, բայց ես այն կարծիքին եմ, որ դրա կարիքը կա»,- նշեց նա: