Նախորդ երկու շաբաթների ոչ աշխատանքային օրերին Դիլիջանում ունեցել ենք այնքան տուրիստ, որքան լինում է ամառվա պիկ շրջանում. Տավուշի մարզպետ

13:49 • 10.06.20

Մեր տարածաշրջանը հատկապես առանձնանում է բնության վրա հիմնված տուրիզմով, այս առումով նույնիսկ առավելություն է նմանատիպ իրավիճակը. Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ անդրադառնալով հարցին՝ համավարակով պայմանավորված ի՞նչ վիճակում է տուրիզմը մարզում:

Մարզպետը նշեց՝ կիսում է այն կարծիքը, որ համավարակի հետ կապված մարտահրավերները մեծացնելու են ներքին տուրիզմի ծավալները: «Մենք այս օրերին արդեն զգում ենք դա, նախորդ երկու շաբաթների ոչ աշխատանքային օրերին, նաև մայիս 28-ի հետ կապված 4 օրը արձակուրդին, ունեցել ենք այնքան տուրիստ Դիլիջանում, որքան, որպես կանոն, լինում է ամառվա պիկ շրջանում»,- ասաց նա:

Չոբանյանի խոսքով՝ դա նշանակում է, որ իսկապես տարածաշրջանը ներքին տուրիզմի զարգացման հնարավորություն ունի այսօր՝ համավարակի պայմաններում: «Մենք ամեն ինչ անում ենք, որ կազմակերպություններն իրենց վարքականոնները, կառավարման համակարգերը այդ թվում սանիտարական մաքրումը ապահովեն և կազմակերպեն այնպես, որ դա ոչ թե լրացուցիչ վտանգներ առջացնի, այլ կանխարգելման նպատակներ ունենա»,- ասաց նա: