Երբ մենք կռվում ենք աներևույթ թշնամու դեմ, ԲՀԿ-ն փորձում է ինչ-որ դիվիդենտներ շահել, դա նրանց գործելաոճն է. Գարիկ Սարգսյանը՝ Գագիկ Ծառուկյանի՝ կառավարության հրաժարականի պահանջի մասին

12:45 • 10.06.20

Եթե այս պահին երկրում արտակարգ դրություն է հայտարարված, մենք պայքարում ենք աներևույթ թշնամու դեմ, այս պարագայում խորհրդարանի երկրորդ ուժի, ժողովրդի մի զգալի հատվածի քվե ստացած քաղաքական ուժի կողմից նման հայտարարությունը ողջամիտ չեմ համարում: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ պետք է կառավարության 100 տոկոսը հրաժարական տա:

«Նրանք այս պահին գոնե փորձեն թեթևացնել պետոթյան վրա ծանրացած այս բեռը, երբ մեր քաղաքացիներն ամեն օր կյանքի և մահվան կռիվ են տալիս, նրանց կողմից նման հայտարարությունները, փորձը՝ խոչընդոտել կառավարության գերլարված ջանքերը, ես համարում եմ ինչ-որ դիվիդենտներ շահելու փորձ: Ամեն դեպքում դա իրենց գործելաոճն է, բոլորիս աչքի առաջ է և առաջին տարին չէ, նոր չէ, դա վաղուց է այդպես»,- ասաց նա:

Tert.am-ի ճշտող հարցին՝ կարծում է ժողվորդի վստահության բարձր մակարդակը պահպանվե՞լ է իշխանության հանդեպ, Սարգսյանն ասաց. «Դա ցույց կտա հերթական ընտրությունները, դատողը ժողովուրդն է»:

Դիտարկմանն էլ՝ ԲՀԿ-ն չի սպասում հաջորդ ընտրություններին, պահանջում են հրաժարական, Սարգսյանը պատասխանեց, որ դա ԲՀԿ-ի խնդիրն է և որ ժողովրդի հետ իրենց շփումներն այլ բան են ասում: