Աֆրոամերիկացի գեներալն ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ ռազմաօդային ուժերի շտաբի պետ է դարձել

15:11 • 10.06.20

ԱՄՆ-ում Սենատը հավանություն է տվել ռազմաօդային ուժերի շտաբի պետի պաշտոնում աֆրոամերիկացի գեներալ Չարլզ Բրաունի նշանակմանը:

Ինչպես նշում է Politico-ն, ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ այդ պաշտոնը կզբաղեցնի սևամորթ զինվորական: Նրա թեկնածությանը աջակցել է 98 սենատոր, ոչ ոք դեմ չի քվեարկել։

Բրաունի նշանակմամբ աֆրոամերիկացին 1993 թվականից ի վեր առաջին անգամ կընդգրկվի ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի կազմում։

Լրատվամիջոցն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ քվեարկությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ում ռասայական անհավասարության դեմ բողոքների ֆոնին, որոնք մայիսի 25-ին սկսվել են Մինեապոլիսում ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո։

«Ես կարծում եմ, որ իմ առաջադրումը ոչ միայն որոշ չափով հույս է ներշնչում, այլև մեծ պարտավորություն է ինձ համար։ Ես չեմ կարող շտկել մեր երկրում դարերի պատմություն ունեցող ստրկությունը և ոչ էլ խտրականության տասնամյակները, որոնց ենթարկվել են մեր ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները»,-ավելի վաղ ասել էր Բրաունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սենատում քվեարկությունից առաջ անձամբ է շնորհավորել գեներալին։

«Սա պատմական օր է Ամերիկայի համար։ Ուրախ եմ ավելի շատ աշխատել գեներալ Բրաունի հետ, որը հայրենասեր մարդ է և մեծ ղեկավար»,-Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահը։