Թուրքիայի 41 նահանգում նոր նահանգապետեր են նշանակվել. նախկին նահանգապետերից մեկը նշանակվել է Էրդողանի գլխավոր խորհրդական
Թուրքիայի 41 նահանգում նահանգապետեր են փոխվել, որոշ նահանգներում նահանգապետերի հեռացումից հետո նոր նահանգապետերի անունը դեռևս հայտնի չէ: Մուղլայի նահանգապետի պաշտոնից հեռացած Էսենգյուլ Ջիվելեքը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով նշանակվել է հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական: Այս մասին գրում է Gazete Duvar պարբերականը:
Էսենգյուլ Ջիվելեքը ծնվել է 1958 թվականին:
1979 թվականին ավարտել է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետը: 1980 թվականից աշխատել է Թուրքիայի ֆինանսների նախարարությունում: Տարբեր տարիների եղել է International News Agency գործակալության թուրքական բաժանմունքի նախ փոխնախագահը, ապա` գլխավոր տնօրենը: 2010-2011 թվականներին զբաղեցրել է Թուրքիայի կրթության փոխնախարարի պաշտոնը, 2011-2014 թվականներին եղել է Յալովայի նահանգապետը, 2014-2017 թվականներին զբաղեցրել է Քըրքլարելիի նահանգապետի պաշտոնը, 2017 թվականի հունիսի 13-ին էլ նշանակվել էր Մուղլայի նահանգապետ:










