Հայաստանի բոլոր հիվանդանոցները պետք է դառնան կովիդ-կենտրոններ. անհասկանալի է՝ ինչո՞ւ բոլոր ԲԿ-ները չեն դառնում ինֆեկցիոն. Շահեն Խաչատրյան (տեսանյութ)
Կորոնավարակակիրների ամենօրյա ներկայացվող թվերը հավաստի չեն, քանի որ շատերը չեն կարողանում թեստավորվել, և հարց է՝ ի՞նչ սկզբունքով են ընտրվում թեստավորվողները, չկա հստակ մեթոդաբանություն: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել Ներանոթային սրտաբանության և ռադիոլոգիայի հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ-սրտաբան Շահեն Խաչատրյանը:
«Եթե մեր շրջապատում շատ են վարակակիրները, ապա կա մի լուծում՝ համատարած թեստավորում, որ իմանանք՝ քանի՞ տոկոսն է հիվանդացել և առողջացել, քանի՞սն են ակտիվ վարակակիր: Դեռևս հարց է՝ հիվանդության ինչպիսի՞ ընթացքն է, որ իմունիտետ է ձևավորում: Կորոնավիրուսը վաղուց է ճանաչելի բժշկության կողմից, բայց նախկինում այն մարդուց մարդուն չի փոխանցվել»,- ասել է բժիշկը:
Ըստ Խաչատրյանի՝ եթե ԱՀԿ-ն արգելել է պետություններին հերձել կորոնավիրուսից մահացած հիվանդներին, անհնար է մահերի վիճակագրություն տանել, քանի որ միայն հերձումը կարող է ցույց տալ մահվան պատճառը. «Եթե չկա կլինիկորեն ապացուցված մահվան պատճառ, չի կարելի դա վերագրվել կորոնավիրուսին՝ ընդամենը ջերմություն կամ թոքաբորբ ունենալու պատճառով: Սա չհետազոտված բնագավառ է, որի հստակ վիճակագրություն գոյություն չունի»:
Սրտաբանը հիշեցրել է, որ մարտ-ապրիլ ամիսներին կարանտինը համատարած խախտվում էր, մինչդեռ պետք էր գնալ վրացական ուղով և մարդկանց մեկուսացնել.
«Կեղծ կարանտինային ֆոնն այսօր փոխվել է ազատության, և այդ պատճառով թվերն աճում են: Օջախայնությունն արդեն վերացել է, հիմա հիվանդությունն անվերահսկելի է: Բայց հայտարարված կարանտինը պետք է գոնե կարանտինի նման լիներ»:
Շահեն Խաչատրյանի պնդմամբ՝ ինֆեկցիոն կենտրոններ բացելը հասկանալի կլիներ, երբ հիվանդացությունը կառավարելի լիներ, բայց հիմա, երբ այն արդեն համատարած է, անհասկանալի է՝ ինչո՞ւ բոլոր հիվանդանոցները չեն դառնում ինֆեկցիոն.
«Թիրախային հիվանդանոցներ ընտրելու քաղաքականությունը վաղուց պետք է վերանար: Այսօր կորոնավարակակիր հիվանդներ են վիրահատվում, և ի՞նչ է՝ եթե մարդ սրտի խնդիր ունի, նրան չվիրահատե՞ն: Ինչպե՞ս կարող է հիվանդանոցը չընդունել սուր ինֆարկտով մարդուն: Բոլոր հիվանդանոցները համատարած պետք է կորոնավիրուս բուժելու կարգավիճակ ունենան»:
Բժշկի պնդմամբ՝ հիվանդությունն ալիքաձև տարածվում է Հայաստանի բոլոր բնակավայրերով, ըստ ամենայնի՝ բոլորը կհիվանդանան դրանով, և մեծամասնությունն անախտանիշ կանցկացնի այն ու կբուժվի: «Մեր ձեռքի տակ գիտականորեն չհիմնավորված տվյալներ են, ինչո՞ւ են մեզ նման տվյալներ տալիս, որ մարդկանց խուճապի՞ մատնեն: Ինչո՞ւ են հայտարարում, թե երկրորդ ալիքը կլինի, օրինակ, աշնանը, երբ վիրուսը գիտականորեն ճանաչված չէ, որտեղի՞ց նրանց այդ տվյալները»,- ամփոփել է բժիշկ-սրտաբանը:
Դավիթ Սարգսյան










