Մումբայում կորոնավիրուսի հաստատված դեպքերը գերազանցել են համաճարակի սկզբնական էպիկենտրոն Ուհանի ցուցանիշին

18:16 • 10.06.20

Հնդկաստանի խոշորագույն Մումբայ քաղաքի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները հայտարարել են, որ քաղաքում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի քանակը գերազանցել է վիրուսի համաճարակի բռնկման սկզբնական էպիկենտրոն համարվող Ուհանում արձանագրված ցուցանիշին:

Ինչպես փոխանցում է CNN-ը, Մումբայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքերը երեքշաբթի օրվա դրությամբ կազմել են 50 878: Հունիսի 9-ի դրությամբ Ուհանում վարակման դեպքերի թիվը կազմել է 50 340՝ ըստ քաղաքի առողջապահության հարցերով հանձնաժողովի տվյալների:

Հնդկաստանում, ընդհանուր առմամբ, «Քովիդ-19»-ով վարակման 276 583 դեպք է գրանցվել, մինչդեռ Չինաստանում՝ 84 198:

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանությունները կորոնավիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի համավարակ է հայտարարել: