Համարում ենք, որ այս պահին մարզում ունենք որոշ ազատ բժշկական ռեսուրսներ, որոնք կարող ենք օգտագործել հիվանդներին բուժելու համար. Շիրակի մարզպետ (տեսանյութ)
Շիրակի մարզում մինչև այսօր ունենք կորոնավիրուսով վարակվելու 490 դեպք, որոնցից 200-ն արդեն բուժվել են, գրանցվել է 10 մահ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ ներկայացնելով համավարակի ընթացքում մարզում տիրող իրավիճակը:
Պետրոսյանը նշեց, որ մարզում գործում է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ էլ բուժվում են 70-ից ավել կորոնավիրուսով հիվանդները, որոնցից 46-ն է Շիրակի մարզից: «Սա նշանակում է, որ հիվանդանոցում ունենք որոշակի ազատ մահճակալներ: Նախարարը եղել է Գյումրիում, առաջարկել եմ հիվանդներին տեղափոխել նաև Գյումրիի դատարկ հիվանդանոցային շենք, որը նախնական գնահատմամբ՝ մեկ ամիս աշխատանքներ իրականացնելուց հետո պատրաստ կլինի մոտ 100 հիվանդի ընդունել»:
«Մենք համարում ենք, որ այս պահին Շիրակի մարզում ունենք որոշ բժշկական ռեսուրսներ, որոնք կարող ենք օգտագործել հիվանդներին բուժելու համար»,- ասաց Տիգրան Պետրոսյանը:
Նա շեշտեց նաև, որ Շիրակի մարզում այս պահին ինքնամեկուսացման ցուցում ունի մոտ 700 անձ , որոնցից 109-ի մոտ հաստատված է կորոնավիրուսային հիվանդությունը: Պետրոսյանը նաև հավելեց, որ մարզում կորոնավիրուսի վարակով պայմանավորված մահացողները հիմնականում ուղեկցող հիվանդություններ են ունեցել:
Մարզպետը հիշեցրեց, որ ի սկզբանե վարակի տարածման առումով Շիրակի մարզն ավելի պասիվ էր, սակայն հունիսի սկզբից վարակման տեմպերի աճ է գրանցվել, որը պայմանավորված է Գյումրու մեծ արտադրական ձեռնարկությունների գործելով, որտեղ էլ կորոնավիրուսային վարակման դեպքեր են գրանցվել:
Դիտարկամանը, թե Շիրակի մարզը խոցելի մարզ է համարվում և այս իրավիճակը կարող էր ավելի խորանալ, մարզպետը համաձայնեց՝ ասելով, որ այս պահին մարզում ամենամեծ խնդիրը անաշխատունակ մարդկանց խնդիրներ են, որի համար առաջարկել են նրանց շինարարական աշխատանքների մեջ ներգրավվել և սրա համար արդեն 2000-ից ավել քաղաքացի է հերթագրվել:
Մանրամասները՝ տեսանյութում










