Արտաշատի նորակառույց շուկայի հետ ես կապ ունեմ այնքանով, որքանով այն գտնվում է Արարատի մարզում. Գարիկ Սարգսյան (տեսանյութ)

11:56 • 10.06.20

«Մեյմանդարի» շուկան գտնվում է Արմավիրի մարզում, մեր մարզի հետ որևէ կապ չունի, չնայած, որ հիմնականում մեր մարզից են այնտեղ հողօգտագործողներն ու մթերք արտադրողներն իրացնում իրենց մթերքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրերս շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիային և խոսակցություններին, որ շուկան փորձում են փակել, որ բնակիչներն իրենց մթերքն իրականացնեն նորակառույց շուկայում, որը կապվում է Գարիկ Սարգսյանի անվան հետ։

«Այդ խոսակցություններն իրականության հետո բացարձակ որևէ աղերս չունեն, ինչպես գիտեք, դեռևս նախորդ տարի «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ հայտարարվեց, որ Արարատի մարզում նույնպես կառուցվելու է գյուղմթերքի իրացման մանրամեծածախ շուկա և այս ամիս արդեն ունենք բացված շուկա և մեր մարզի բնակիչները կարող են իրենց ապրանքն իրացնել այդ շուկայում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է շրջանառվող լուրերին, որ նորակառույց Արտաշատի շուկան կապվում է հենց իր անվան հետ, Սարգսյանն արձագանքեց. «Ես կապ ունեմ այդ շուկայի հետ այնքանով, որքանով այդ շուկան գտնվում է Արարատի մարզում»: