Էրդողանը հայտարարել է Թուրքիայում կորոնավիրուսի պատճառով մտցված սահմանափակումների զգալի մասի չեղարկման մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երկրում կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով սահմանված մի շարք սահմանափակումների չեղարկման մասին: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:
«Կառավարության նիստում գնահատել ենք ներկայիս իրավիճակը, և տեղեկացնում ենք արդյունքների մասին: 18 տարեկանից ցածր անձանց համար ամբողջովին չեղարկվում է փողոց դուրս գալու արգելքը: 65-ից բարձր անձինք կարող են փողոց դուրս գալ ժամը 10:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում: Կինոթատրոններն ու թատրոնները հատուկ պայմաններով կարող են աշխատել հուլիսի 1-ից: Հուլիսի 1-ից կաշխատեն նաև հարսանյաց սրահները, իսկ ռեստորանների, ճաշարանների և սրճարանների աշխատանքային ժամերը երկարաձգվել են մինչև կեսգիշեր»,- տեղեկացրել է թուրք առաջնորդը:
Էրդողանը տեղեկացրել է նաև, որ Թուրքիայի գիտատեխնիկական ուսումնասիրությունների խորհրդի գիտնականները կարողացել են «կորոնավիրուսի բուժման նպատակով բարեհաջող փորձարկել «Ֆավիպիրավիր» դեղամիջոցը»:
Հունիսի 1-ին Թուրքիայում չեղարկվել էր միջքաղաքային տեղաշարժի արգելքը, բացվել էին լողափերը, ռեստորաններն ու սրճարանները:










