«Եթե ամեն բան հաջող ընթանա, կորոնավիրուսի դեմ իտալա-բրիտանական պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասանելի կլինի աշնանը կամ ձմռանը». ԱՀԿ-ում Իտալիայի ներկայացուցիչ
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը մշակում է Օքսֆորդի համալսարանն իտալական Irbm ընկերության հետ համատեղ, հնարավոր է հասանելի լինի աշնանը կամ ձմռանը: Այս մասին հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարարի խորհրդական, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում Իտալիայի ներկայացուցիչ Վալտեր Ռիչչարդին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Եթե ամեն ինչ հաջող ընթանա, աշնանը կամ ձմռանը կարող ենք ունենալ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, այդ թվում` իտալացիների համար»,-հայտարարել է Ռիչչարդին:
Նրա խոսքով` պատվաստանյութերի պատրաստման գործում Եվրոպան ավելի առաջ է, քան ԱՄՆ-ն, և իտալա-բրիտանական դեղամիջոցն ավելի զարգացած փուլում է, քան մյուսները:
Խոսելով հոկտեմբերին կորոնավիրուսի երկրորդ ալիքի սկսվելու մասին` Ռիչչարդին ասել է, որ «այդ առումով ոչ ոք 100% համոզված լինել չի կարող»:
«Բայց մենք քիչ հավանական ենք համարում, որ վիրուսը կանհետանա: Մենք պետք է պատրաստ լինենք բախվելու հնարավոր երկրաշարժի»,-ասել է Ռիչչարդին:
Մայիսի կեսերին Irbm ընկերության գլխավոր տնօրեն Պիերո Դի Լորենցոն հայտարարել էր, որ «պատվաստանյութի ստեղծման աշխատանքները անհավանականորեն արագացել են, և հավանականություն կա, որ սեպտեմբերի վերջին արդեն բավական քանակությամբ պատվաստանյութ կլինի»:
Նա ընդգծել էր, որ ապրիլի վերջին պատվաստանյութը փորձարկվել է 510 կամավորի վրա, և նրանց վիճակն անհանգստության ոչ մի առիթ չի տալիս:










