Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում․ ԲԴԽ նախագահը՝ համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի վերաբերյալ հրապարակման մասին

13:10 • 10.06.20

Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին: Այս մասին ԲԴԽ-ի ֆեյսբուքյան էջում գրել է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

«Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք: Ավելին՝ մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:

Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում:

Հ.Գ. Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ և գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո»,-գրել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։