Պեկինում կորոնավիրուսի՝ 56 օրվա ընթացքում առաջին դեպքն է գրանցվել
Պեկինում 56 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել․ COVID-19-ը հայտնաբերվել է 52-ամյա տղամարդու մոտ, որը վերջին 2 շաբաթվա ընթացքում քաղաքից դուրս չի եկել, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Սիչեն շրջանի վարչակազմի փոխղեկավար Մյաո Ցզյանհունը, գրում է ria.ru-ն։
«Սիչեն շրջանում բնակվող տղամարդը հունիսի 10-ին բարձր ջերմաստիճանով դիմել է տեղի հիվանդանոց, նա ունեցել է սարսուռ և թուլություն, սակայն չի ունեցել հազ, կոկորդի ցավ կամ կրծքավանդակի շրջանում ցավի զգացում: Վերջին երկու շաբաթներին նա Պեկինի սահմաններից դուրս ուղևորություններ չի կատարել և եկվորների հետ սերտ շփումներ չի ունեցել»,- հայտնել է Մյաո Ցզյանհունը։
Նրա խոսքով՝ հայտնի չէ, թե նա որտեղ կարող էր վարակվել։
Ներկայում մասնագետները մանրակրկիտ համաճարակաբանական հետաքննություն են անցկացնում Սիչենի շրջանում, ստուգում են բոլոր նրանց, ովքեր վերջին շաբաթներին քաղաք են եկել արտասահմանից կամ Չինաստանի համաճարակաբանական ռիսկի բարձր մակարդակ ունեցող շրջաններից:
Պեկինի իշխանությունները հունիսի 6-ից քաղաքում համաճարակաբանական իրավիճակի զգալի բարելավման ֆոնին իջեցրել են հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին արձագանքման երրորդ մակարդակը, որը սահմանվել է կորոնավիրուսային վարակի տարածման կապակցությամբ: Պեկինում արտակարգ իրավիճակների արձագանքման առաջին մակարդակը սահմանվել է հունվարի 24-ին, ապրիլի 30-ին այն իջեցվել է մինչև երկրորդ մակարդակ:









