«20 դոլա՞ր արժե սևամորթի կյանքը»․ Ֆլոյդի կրտսեր եղբայրը Կոնգրեսում կոչ է արել թույլ չտալ, որ եղբոր մահը «ևս մեկ անուն» դառնա ոստիկանության կողմից սպանված սևամորթների աճող ցուցակում
ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ոստիկանության գործողությունների հետևանքով ձերբակալման ժամանակ մահացած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի կրտսեր եղբայրը՝ Ֆիլոնիս Ֆլոյդը, եղբոր սպանության գործով Կոնգրեսում չորեքշաբթի կայացած լսումների ժամանակ կոչ է արել թույլ չտալ, որ եղբոր մահը «ևս մեկ անուն» դառնա ոստիկանության կողմից սպանված սևամորթների աճող ցուցակում, գրում է The Guardian-ը։
Հայտնի է, որ Ֆլոյդին տեղական շուկայում ձերբակալել էին 20 դոլարի կեղծ թղթադրամ օգտագործելու ենթադրյալ փորձի համար։
«Ես ուժասպառ եմ։ Ես ուժասպառ եմ այն ցավից, որն այժմ զգում եմ, և ուժասպառ եմ այն ցավից, որն ամեն անգամ զգում եմ, երբ առանց պատճառի որևէ սևամորթ է սպանվում», -հայտնել է նա։
«Այդքա՞ն արժե սևամորթի կյանքը։ Քսան դոլա՞ր։ Ի վերջո, 2020 թվականն է։ Այլևս արդարացում չկա»,- ասել է Ֆիլոնիս Ֆլոյդը՝ հրապարակավ կոչ անելով իշխանություններին լինել այնպիսի առաջնորդներ, որոնք պետք են այս երկրին և այս աշխարհին։
Ջորջ Ֆլոյդի եղբայրն ասել է, որ մտքից չի կարողանում հանել այն տեսանյութը, որտեղ ոստիկանը ծնկով սեղմում է եղբոր պարանոցը։
«Այդպես չեն վարվում մարդու հետ։ Այդպես նույնիսկ կենդանու հետ չեն վարվում։ Արդարությունը պետք է հաղթի։ Այդ ոստիկանները պետք է դատապարտվեն»,- արցունքներն աչքերին շարունակել է Ֆլոյդը։
«Եթե նրա մահն, ի վերջո, փոխի աշխարհը դեպի լավը, և ես կարծում եմ, որ այդպես էլ կլինի, ապա նա մահացավ այնպես, ինչպես ապրել է։ Թույլ չտաք, որ նրա մահն ապարդյուն լինի»,-ասել է նա օրենսդիրներին։
Հիշեցնենք, որ Ջորջ Ֆլոյդ անունով սևամորթ իրավախախտի սպանությունը տեղի է ունեցել Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին: Դրանից հետո ողջ երկրով մեկ օրեր շարունակ չեն դադարում բողոքի ցույցերը: Մարդիկ պահանջում են խստագույնս դատապարտել ոստիկան Դերեկ Չաուվինին, որը, ծնկով սեղմած պահելով Ֆլոյդի պարանոցը, խեղդամահ է արել նրան, ինչպես նաև մյուս երեք ոստիկաններին, որոնք կանգնած են եղել դեպքի վայրում և ոչինչ չեն ձեռնարկել տղամարդուն փրկելու համար: Ներկա պահին բոլոր չորս նախկին ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել:









