«էդ որ տեսախցիկները փողոցով կախած են, այդտեղ անձնական տվյալների խնդիր չկա՞». Վարչապետն առաջարկում է հավելվածով արձանագրվող խախտումներին ավելացնել մեքենայում դիմակ չկրելը

12:54 • 11.06.20

Այսօր նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանը կառավարության հերթական նիստին ներկայացրեց Պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները սահմանելու մասին հարցը:

Այսպիսով՝ նախագծով սահամանվում է ՝պետական սեփականու¬թյուն հանդիսացող հատուկ մշակված համակարգում՝ բջջային հավելվածում, գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ ամսական կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ առավելագույնը 30 էլեկտրոնային հաղորդում: «Բջջային հավելվածի միջոցով կարող են արձանագրվել 12 տեսակի իրավախախտում՝ հանդիպակաց երթևեկության գոտու դուրս գալ, կանգառի կայանման կանոնները խախտել, լուսացույցի ազդանշանի չենթարկվել տրանսպոտրային միջոցից աղբ նետել և այլն»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ մեկ բան բաց են թողել և դա մեկ անձից ավել մեքենայի մեջ լինելու պարագայում դիմակ չկրելն է: Փոխվարչապետը նշեց, որ որոշ իրավախախտումներ կան, որոնք այս ձևով չեն կարող արձանագրվել:

Վարչապետը հարցրեց, թե անձնական խնդիրների պահպանության ինչ խնդիր կա, մենք հիմա այնպիսի իրավիճակում ենք, որ դա պետք է ավելացնել: «Բա հիմա քաղաքացիներին ասում ենք, հակահամաճարակային շարժում ենք սկսում ու չենք ուզում գործիք տանք քաղաքացիներին, որ մասնակցեն դրան, պարոն Բադասյան ինչումն է պրոբլեմը»,-ասաց վարչապետը՝ դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին: Նախարարը պարզաբանեց, որ եթե լուսանկարահանում են կոնկրետ անձին, իր մասին տեղեկություններ են հավաքում և դա անձնական տվյալների մշակում է: «Անձին կոնկրետ մեքենայի մեջ, կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում լուսանակարահանելը, նմանատիպ անձնական տվյալների հավաքելը խնդրահարույց է»,-ասաց նա:

Վարչապետը շարունակեց մնալ իր համոզմանը և ավելացրեց.«Դե ավելի լավ դիմակով թող լինեն, չեն ճանաչի ով է, ինչ հարաբերությունների մեջ էլ լինեն: Եվս մեկ խթան է, որ հակահամաճարակային կանոնները պաշտպանեն, եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում և չեն ուզում կողքից իրանց ճանաչեն, շատ լավ միջոց է հնարավորինս դեմքը լավ ու ամուր փակող դիմակներ դնել»:

Նախարարը նկատեց, որ անձին նույնականացնելու մասով էլ է խնդիր լինելու, սակայն վարչապետը նորից մնաց իր կարծքին և նշեց.«Առանց դիմակի մարդը պոտենցյալ սպառնալիք է մյուս մարդու համար: Նկարեց փաստը, ֆիքսեց, էդ ով է ասել, որ իր դեմքը երևալու է, թե ով է այդ մեքենայի մեջ նստած, մենք համարելո՞ւ ենք ընթացքից այնպես կարող են դեմքը նկարել, որ երևա»,-ասաց նա և նշեց, որ պետք է պատասխանատվությունը դնել վարորդի վրա և դրանով հարցը լուծվում է:

«էդ որ տեսախցիկները փողոցով կախած են, այդտեղ անձնական տվյալների մշակման խնդիր չկա՞»,-հարցրեց վարչապետը և նրան պարզաբանեցին, որ այդտեղ մարդը չի նույնականացվում և միայն քրեական գործի շրջանակներում նույնականացնելու հնաարվորություն կա: Ռուստամ Բադասյանը նշեց, որ խնդիրը կուսամնասիրեն և կփորձեն լուծում գտնել և այդ պայմանավորվածությամբ նախագիծը ընդունվեց: