Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, բայց ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել. Էդվարդ Հովհաննիսյան (տեսանյութ)
Այո՛, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն իմ ընկերն է, սակայն ՊԵԿ նախագահ նշանակվելու հարցում նա որևէ դերակատարություն չի ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, որ շրջանառվում են տեղեկություններ, թե ՊԵԿ նորանշանակ ղեկավարը ՀՀ արդարադատության նախարարի մտերիմն է, այդ իսկ պատճառով նշանակվել է այդ պաշտոնին։
«Նա չի միջնորդել վարչապետին, կարող եմ ենթադրել, թե ինչու վարչապետի ընտրությունը կանգնեց ինձ վրա, քանի որ ընդամենը աշխատանքի ընթացքում հավանաբար, հետևել է իմ աշխատանքին»,- ասաց Էդվարդ Հովհաննիսյանը։
Լրագրողի այն հարցին, արդյո՞ք նորանշանակ ՊԵԿ ղեկավարը ծառայել է բանակում, Հովհաննիսյանը ասաց, որ չի ծառայել։
«Մամուլում բանակում չծառայելու մասին հրապարակումներն առաջին հայացքից խիստ արատավոր են ընդունվում, սակայն ժամանակին, երբ եղել եմ զինապարտ, ընտանեկան պայմաններից ելնելով, Զինապարտության մասին օրենքով սահմանված կարգով ստացել եմ տարկետում, սակայն զինապարտ եմ, ընդգրկված եմ պահեստազորում»,- ասաց ՊԵԿ նախագահը։
Մանրամասները ՝ տեսանյությում։










