ՀՀ վարչապետի՝ Մոսկվա նախատեսվող այցի շրջանակներում ՀՀ և ՌԴ ղեկավարների հանդիպման հնարավորությունը դեռ քննարկվում է․ ՀՀ-ում ՌԴ դեսպան

16:41 • 11.06.20

ՌԴ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի համար Հայաստանում կբացվի 6 ընտրատեղամաս։ Այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Պատրաստվում ենք 6 ընտրատեղամաս բացել, սակայն դա արվելու է համավարակի անվտանգության կանոնների պահպանմամբ և, իհարկե, համաձայնեցվելու է Հայաստանի իշխանությունների հետ»,- ասաց դեսպանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի՝ Մոսկվա նախատեսվող այցին, դեսպանն ասաց, որ այս պահի դրությամբ կա հանդիսավոր միջոցառումների ծրագիրը, որը նվիրված է մայիսյան հաղթանակին։ Դիտարկմանը, թե կլինի՞ արդյոք 2 երկրների ղեկավարների միջև առանձին հանդիպում, դեսպանն ասաց, որ այդ մանրամասները դեռ քննարկման փուլում են։