Մեքսիկայում ոստիկանությունը բնակելի տան տարածքում զմռսման գաղտնի կենտրոն և երկու դի է հայտնաբերել

09:54 • 11.06.20

Մեքսիկայի Մեխիկո նահանգի Թեքամակ համայնքի իշխանությունները հայտնել են բնակելի տան տարածքում գաղտնի գործող դիահերձարանի բացահայտման մասին, ձերբակալվել է երկու աշխատակից, գրում է The Washington Post-ը։

«Ցնցված եմ հենց նոր ոստիկանության կոմիսարի փոխանցած նորությունից։ Դիակների զմռսման գաղտնի կենտրոնը հայտնաբերվել է Թեքամակի Հարդին դե լոս Էրոես շրջանում»,-Facebook-ի իր էջում հայտնել է քաղաքապետ Մարիելա Գուտյերեսը:

Նրա խոսքով՝ բնակիչների բողոքից հետո բնակելի տանն անցկացված հատուկ գործողության ժամանակ հայտնաբերվել է դիակներով գաղտնի պահեստարան։

Ոստիկանության գործողությունների շրջանակում ձերբակալվել են երկու անձինք, որոնք «զմռսման են ենթարկել երկու մարմին և պատրաստվել են դրանք տեղավորել դագաղների մեջ»: 

Գործը փոխանցվել է Մեխիկո նահանգի գլխավոր դատախազություն։