Մեզ համար մարտահրավեր է` պահպանել մեր պրոֆեսիոնալ կադրերին. Զոհրաբ Մնացականյան

12:06 • 11.06.20

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ԱԺ-ի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հարց ուղղեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ նշելով, որ ենթադրվում էր, որ 2019թ. պետք է փոփոխություններ լինեին ԱԳ նախարարության գերատեսչական աշխատանքում՝ մասնավորապես, պետք է վերանագնահատվեր հատկապես արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքը և վերաբաշխվեին ֆինանսական հոսքերը: Արդյո՞ք եղել է զգալի փոփոխություններ այդ հարցում: Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ այդ գործընթացը շարունակում է մնալ արտաքի գերատեսչության օրակարգում և այն պահանջում է ծրագրավորում, ժամանակ, ինչպես նաև կապված է ծախսերի հետ:

«Մենք ունեցել ենք հաստիքների վերաբացում և վերաբաշխում: Մեզ համար մարտահրավեր է՝ պահպանելու մեր պրոֆեսիոնալ կադրերին: Մենք խրախուսման իրականացմամբ փորձում ենք կայուն պահել դիվանագիտական անձնակազմը: Պետք է ռոտացիայի ծրագրավորումն ապահովվենք այնպես, որ մարդիկ իրենց կարիերայի ընթացքում աշխատեն տարբեր տարածաշրջանում»:

ԱԳ նախարարարը, անդրադառնալով դիվանագետների աշխատավարձին, նշեց, որ թյուրըմբռնում կա, որ երբ դիվանագետները գնում են արտերկրում աշխատելու՝ ամեն ինչ սկսում է լավ լինել: Սակայն արտերկրում Հայաստանի դիվանագետներն ապրում են բավականին համեստ պայմաններում.

«Սա հասկանալի է, մենք պետք է հաշվարկենք՝ ըստ մեր երկրի կարողությունների: Բայց մյուս կողմից մենք ունենք խնդիր վերագնահատելու բաշխումը, որպեսզի արդարացի բաշխենք մեզ հասանելի հատկացումները: Կարիք կա վերանայելու արտաքին քաղաքականություն իրականացնելու ծավալի վերագնահատում և եթե ամբողջովին պետք է հիմնվենք ազգային ռեսուրսի վրա, պետք է վերանայենք ծախսերը, որոնք կարող են աճել: Այո՛, անհրաժեշտություն կա ավելացնելու ծախսերի աճը և այդ հարցի հետաձգումը պահպանում է անկայունությունը գերատեսչության արդյունավետ քաղաքականություն իրականացնելու համար». ընդգծեց նա: