Հայաստանում գրանցվել է կավասակի սինդրոմին նման 2 դեպք, սակայն կարևոր է, որ ԱՆ-ը տեղյակ լինի, որ այս նոր տիպի վիրուսը կավասակիի սինդրոմը չէ, ուղղակի նման է. Անի Հովհաննիսյան

03:17 • 11.06.20

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն անդրադարձել է երեխաների մոտ կավասակիի սինդրոմին նման հիվանդությանը,որը կապում են կորոնավիրուսի հետ: Նոր տեսակի հիվանդությանը տրվել է MIS-C անվանումը (մուլտիհամակարգային բորբոքային վիճակ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է COVID-19 Հայաստան. փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը:

Նրա գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնն անդրադարձել է երեխաների մոտ կավասակիի սինդրոմին նման հիվանդությանը,որը կապում են կորոնավիրուսի հետ: Նոր տեսակի հիվանդությանը տրվել է MIS-C անվանումը (մուլտիհամակարգային բորբոքային վիճակ):

Այս հիվանդության ժամանակ կարող են բորբոքվել երեխայի մարմնի տարբեր հատվածներ՝ սիրտը, թոքերը, ուղեղը, մաշկը, մարսողական համակարգը և այլն: MIS-C-ն հիմնականում գրանցվել է COVID-19 ունեցող կամ վարակակիրների հետ շփում ունեցած երեխաների մոտ: Հիվանդությունը վտանգավոր է, կարող է նաև մահացու լինել, սակայն հայտնաբերման և պատշաճ բժշկական օգնության ցուցաբերման դեպքում երեխաներն առողջացել են:

Ըստ CDC-ի, MIS-C հիվանդության հիմնական ախտանշաններն են.

Բարձր ջերմություն, փորացավ, փսխում, փորկապություն, ցավ վզի հատվածում, ցան, աչքերի արյունակալում, հոգնածության զգացում, ծանրացած շնչառություն:

Մասնագետները խորհուրդ են տալիս միանգամից դիմել բժշկի, եթե երեխայի մոտ նման ախտանշաններ են նկատվում:

MIS-C հիվանդությունն այս պահին ուսումնասիրվում է թե ԱՀԿ-ի, թե տարբեր երկրների առողջապահության կառույցների և գիտնականների կողմից, դեռևս ապացուցված չէ, թե որքանով այն կապ ունի կորոնավիրուսի հետ՝ ոչ հերքված է, ոչ էլ հաստատված է վարկածը, որ այն կարող է կորոնավիրուսի հետևանք լինել:

Երեխաների անվտանգության համար բժիշկները խորհուրդ են տալիս զգույշ լինել և պաշտպանել երեխաներին COVID-19 վարակվելուց, ինչպես նաև վարակակիրների հետ շփվելուց:

Հ.Գ. Հայաստանում գրանցվել է կավասակի սինդրոմին նման 2 դեպք, սակայն կարևոր է, որ առողջապահության նախարարությունը տեղյակ լինի, որ այս նոր տիպի վիրուսը կավասակիի սինդրոմը չէ,ուղղակի նման է, բոլորովին այլ հիվանդություն է, որն ունի MIS-C անվանումը»: