Շուրջ 190 000 կանադացու պարտավորեցրել են վերադարձնել համավարակի պատճառով իրենց վճարված նպաստները

10:33 • 11.06.20

Կանադայի շուրջ 190 000 բնակիչ պետք է վերադարձնի նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով իրենց վճարված նպաստները: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Կանադայի հարկային ծառայությանը:

Խոսքն այն կանադացիների մասին է, որոնք ապօրինի կերպով օգտվել են կորոնավիրուսից տուժած անձանց օգնություն տրամադրելու հիմնադրամից:

Մարտից հունիս ընկած ժամանակահատվածում իշխանությունները 2000-ական կանադական դոլար են վճարել այն մարդկանց, որոնք համավարակի պատճառով զրկվել են եկամտից: Այդ քաղաքացիների մի մասը սկզբնական շրջանում օրինական կերպով ստացել է նպաստը, սակայն հետո իշխանություններին չի տեղեկացրել, որ վերսկսել է աշխատանքը: Ընդհանուր առմամբ կանադական իշխանությունները նպաստ են տվել շուրջ 8,4 միլիոն քաղաքացիների:

Մարտին Կանադայի իշխանությունները հայտարարել էին կորոնավիրուսից տուժած երկրի բնակչությանն օգնություն տրամադրելու նպատակով 107 միլիարդ դոլարի հատկացման մասին: Կանադացիները, որոնք աշխատանք էին կորցրել, չորս ամսվա ընթացքում 2000-ական կանադական դոլար են ստացել:

Կանադայում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 97 125 դեպք, վարակման հետևանքով մահացել է 7960 մարդ: