Բաթումում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ արդեն 11-րդ օրն է՝ շարունակվում են վրացի «օրենքով գողի» արտահանձնման պահանջով բողոքի ցույցերն ու հացադուլը
Վրաստանի Բաթում քաղաքում Թուրքիայի հյուպատոսարանի առաջ արդեն 11-րդ օրն է՝ շարունակվում են «օրենքով գող» Մինդիա Գորաձեի (առավել հայտնի է Լավասօղլի Բաթումցի կեղծանունով) արտահանձնման պահանջով բողոքի ակցիաներն ու հացադուլը: Այս մասին գրում է netgazeti.ge կայքը:
Հյուպատոսարանի առաջ բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել, 15 մարդ հունիսի 1-ից հացադուլ է հայտարարել: Այսօր կեսօրին հացադուլ հայտարարած անձանցից մեկի ինքնազգացողությունը վատացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց: Մյուս 14-ը շարունակում են հացադուլը:
Ակցիայի մասնակիցները տեղեկացրել են, որ իրենց դեռևս ոչ մի պատասխան չեն տվել ո՛չ Թուրքիայից, ո՛չ էլ Վրաստանի դատախազությունից:
Հունիսի 8-ին Վրաստանի գլխավոր դատախազության ներկայացուցիչները հանդիպել են Լավասօղլիի ընտանիքի անդամների հետ, սակայն հանդիպման ընթացքում հստակ ոչինչ չեն ասել և չեն բացատրել, թե ինչու մինչև հիմա նա արտահանձնված չէ Վրաստան:
Դատախազությունը հայտարարել է, որ Վրաստանի դատախազության միջնորդության հիման վրա Թուրքիայի Հանրապետության իրավասու մարմինները քննարկում են Վրաստանում հետախուզվող Մինդիա Գորաձեի՝ Վրաստան արտահանձնումը, և այս փուլում ընթանում են համապատասխան միջազգային պայմանագրերով արտահանձնման գործընթացները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert. am-ը, Բաթումում Թուրքիայի հյուպատոսության մոտ բողոքի ակցիաներ են անցկացվում, ցուցարարները Թուրքիայից պահանջում են Վրաստան արտահանձնել Թուրքիայում դատապարտված «օրենքով գող» Մինդիա Գորաձեին, որն առավել հայտնի է Լավասօղլի Բաթումցի կեղծանունով: Մինդիա Գորաձեն դատապարտվել է հանցավոր աշխարհին անդամակցելու համար և այժմ կալանքի տակ է պահվում Թուրքիայում:
Մինդիա Գորաձեն Վրաստանում 2018 թվականին դատապարտվել էր կողոպուտի համար, սակայն այդ ժամանակ նա արդեն երկրում չէր: Նրան ձերբակալել են Թուրքիայում, 2019 թվականին: Նրա բանտարկության ժամկետն ավարտվել է այս տարվա փետրվարի 28-ին, իսկ փետրվարի 29-ին որոշում է կայացվել նրան արտահանձնել, որն այդպես էլ ի կատար չի ածվել: Փաստաբան Գելա Նիկոլաիշվիլին հայտարարել է, որ Լավասօղլիին կալանքի տակ պահելու իրավական հիմքերը պարզ չեն:









