Թրամփը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ փեսային «իմ աստղ» է անվանել. South China Morning Post

13:16 • 11.06.20

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը ոստիկանական համակարգի բարեփոխումների թեմայով կլոր սեղանի շուրջ կայացած հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել փեսային՝ համատեղությամբ նաև իր ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին՝ նրան «իմ աստղ» անվանելով:

Ինչպես նշում է South China Morning Post-ը, հանդիպման ժամանակ Քուշները գովել է ոստիկանական ոլորտի ներկայացուցիչներին բարեփոխումներին կողմ լինելու և այդպիսով հանրության պահանջը բավարարելու ուղությամբ միասին առաջ շարժվելու համար:

Քուշների խոսքից հետո Թրամփը նրան շնորհակալություն է հայտնել և «իմ աստղ» անվանել:

Աղբյուրը նկատում է, որ Թրամփն ավագ դստերը՝ Իվանկա Թրամփին, և նրա ամուսնուն ահռելի իշխանություն է տվել իր ներքին շրջանակում: Նա շատ է վստահում Քուշներին, որի անմիջական օգնությամբ նախագահի վարչակազմը զբաղվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրով, քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումներով, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարով:

Սակայն Սպիտակ տանը Քուշների ազդեցիկ դերակատարումը համատարած քննադատվել է մասամբ այն պատճառով, որ նա չունի կառավարման, քաղաքականության և արտաքին հարաբերությունների վարման փորձ: