ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարն առաջարկել է կորոնավիրուսի պատճառով այս տարի նիստն առցանց ձևաչափով անցկացնել
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավար Թիջանի Մուհամադ-Բանդեն դիմել է կազմակերպության անդամ երկրներին՝ առաջարկելով Գլխավոր ասամբլեայի՝ այս տարվա ծրագրված նիստն առցանց եղանակով անցկացնել, հայտնում է dw.com կայքը։
ՄԱԿ-ի անդամ երկրներին ուղղված իր կոչում Մուհամադ-Բանդեն կորոնավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում տիրող իրավիճակի շուրջ իր անհանգստությունն է հայտնել և առաջարկել Գլխավոր ասամբլեայի նիստի սրահում առանց պետությունների ղեկավարների անձնական մասնակցության նրանց ելույթների ավելի վաղ նկարահանված տեսագրությունները ներկայացնել։
«Ենթադրում եմ, որ կորոնավիրուսի հետևանքով միջազգային չվերթների և պետության ղեկավարների անմիջական մասնակցությամբ մասշտաբային հանդիպումների անցկացման սահմանափակումները, հնարավոր է, 2020 թվականի սեպտեմբերին էլ գործեն»,- հայտարարել է Մուհամադ-Բանդեն։
Նրա խոսքով՝ երկրները պետք է իրենց նախագահների, վարչապետերի և այլ ներկայացուցիչների՝ առավելագույնը 15 րոպե տևողությամբ տեսագրությունները նիստից 5 օր առաջ ուղարկեն։
Ավելի վաղ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակն առողջապահությանը, կրթությանը և եկամուտներին հասցրած վնասով վերջին 30 տարվա մեջ ամենամասշտաբային և խորը ճգնաժամային իրավիճակն է ստեղծել։










