Disney-ը ռասիզմի մեղադրանքների ֆոնին պատրաստվում է փոխել Splash Mountain ջրային ատրակցիոնի ոճը (լուսանկար)

13:51 • 26.06.20

Ամերիկյան The Walt Disney Company ընկերությունը ռասիզմի համար իրեն առաջադրված մեղադրանքների ֆոնին պատրաստվում է փոխել իր ժամանցի այգիների որոշ ատրակցիոնների թեմատիկան․ այս մասին հայտնում են ընկերության պաշտոնական կայքում։

Պարզաբանվում է, որ փոփոխությունները կվերաբերեն Օռլանդո քաղաքի Disney World Resort-ին (Ֆլորիդա նահանգ) և Անահայմ քաղաքի Disneyland-ին (Կալիֆոռնիա)։

 

Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ ռասիզմի մեղադրաքները կապված են Splash Mountain ջրային ատրակցիոնի հետ, որը կապված է Ուիլֆրեդ Ջեքսոնի 1946 թվականի «Հարավի երգը» անվանումով և ռասիզմի տարրեր պարունակող ֆիլմի թեմատիկայի հետ։ Այժմ ընկերությունն առաջարկում է ատրակցիոնը պատկերել 2009 թվականին լույս տեսած «Արքայադուստրը և գորտը» մուլտֆիլմի ոճով, որտեղ գլխավոր հերոսուհին Թիանա անունով սևամորթ արքայադուստրն է։

Հայտնի է, որ այս փոփոխության հետևում Change.org կայքում հրապարակված խնդրագիրն է, որն ավելի քան 20 000 ստորագրություն է հավաքել։ Դրանում ասվում է, որ Ֆլորիդայում, Կալիֆոռնիայում և Ճապոնիայում գտնվող այս ատրակցիոնը 1946 թվականի ֆիլմից «չափազանց ռասիստական և խնդրահարույց կարծրատիպերով է լի»։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, ամերիկյան Dreyer's ընկերությունը նույնպես որոշել է փոխել իր ֆիրմային պաղպաղակի անունը` էսկիմոսներին՝ Հյուսիսային Ամերիկայի բևեռային ափերին, Գրենլանդիայում և Ասիայի հյուսիս-արևելյան ծայրամասերում ապրող բնակվող բնիկ ժողովուրդների խմբին չնեղացնելու համար։

Ինչպես նշել է Dreyer's-ի գլխավոր շուկայագետ Էլիզաբել Մարկեսը, ընկերությունը «հավատարիմ է ռասայական իրավահավասարությանը հասնելու գործին և տվյալ տերմինը համարում է նսեմացուցիչ»՝ նկատի ունենալով Eskimo Pie վանիլային պաղպաղակը, որը պատված է շոկոլադով։

Artist Concept of completely reimagined attraction inspired by “The Princess and the Frog” coming to Disneyland park and Magic Kingdom Park

Disney-ը ռասիզմի մեղադրանքների ֆոնին պատրաստվում է փոխել Splash Mountain ջրային ատրակցիոնի ոճը (լուսանկար)