Չեխիայում սկսել է գործել 5G բջջային ցանցը
Չեխիայում սկսել է գործել 5G բջջային ցանցը։ Դրա առևտրային «գործունեությունը» հուլիսի 1-ից Պրահա և Կոլին շրջաններում թողարկել է O2 ընկերությունը, գրում է eadaily.com կայքը։
Աղբյուրը մանրամասնում է, որ մինչև ամառվա վերջ օպերատորը ծրագրում է ընդլայնել 5G ցանցը՝ այն հասանելի դարձնելով մայրաքաղաքի բնակչության 15 տոկոսի համար։ Ընկերությունում նշում են, որ այն ներկայիս 4G LTE կապից 10 անգամ ավելի արագ է գործելու։ Միևնույն ժամանակ, 5G ցանցային ազդանշանն օգտագործելու համար սկզբում անհրաժեշտ է նոր SIM քարտ և ազդանշանն ընդունել կարողացող հեռախոս ձեռք բերել։
Լրատվամիջոցը նշում է, որ 5G ցանցի ներդրումն աշխարհում մի շարք «վեճերով» է ուղեկցվում, քանի որ համացանցում սկսել են լուրեր տարածվել առ այն, որ դրանք, իբր, վտանգավոր են օգտագործման համար։ Լուրեր կան, թե 5G-ն նպաստում է կորոնավիրուսի տարածմանը, ծառերի արմատների ոչնչացմանը և թռչունների վերացմանը, սակայն Չեխիայում այս բոլոր տեղեկությունները հերքվել են մի շարք նախարարների կողմից։
«5G ցանցային սարքավորման կողմից առաջացող էլեկտրամագնիսական դաշտը Covid-19 հիվանդության տարածման և դրա ընթացքի հետ որևէ պատճառահետևանքային կապ չունի»,- հայտարարել են երկրի առևտրաարդյունաբերության նախարարությունից։










