Իսրայելական ստարտափը սկսել է 3D տպիչի միջոցով վեգանների համար նախատեսված սթեյք տպել (լուսանկար)

16:38 • 03.07.20

Իսրայելական Redefine Meat ստարտափը սկսել է 3D տպիչի միջոցով վեգանների համար նախատեսված սթեյք տպել։ Արտադրանքը տավարի մսի համն ու արտաքին տեսքն ունի, գրում է FoodNavigator-ը։

Նշվում է, որ նոր արտադրանքի համն ու նյութակազմվածքը մշակվել է առաջատար մսագործների, խոհարարների, տեխնոլոգների և բույրերի գծով փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում։ Ընդհանուր առմամբ, ստարտափի հեղինակների խոսքով, «իրական համեղ սթեյքի» պատրաստման համար 70 կարևոր չափանիշ է հաշվի առնվել։

Միևնույն ժամանակ Redefine Meat-ից հայտնում են, որ այս նոր արտադրանքում միսն ամբողջովին բացակայում է։ Տպիչի միջոցով տպված սթեյքը բաղկացած է սոյայի և սիսեռի պրոտեինից, կոկոսի յուղից, արևածաղկի ձեթից, բնական ներկանյութերից և բուրահաղորդիչներից:

«Մեր սթեյքը չափազանց բարդ արտադրանք է, որում սպիտակուցները, յուղերը, բնական ներկանյութերը և բուրահաղորդիչներն այնպես են միավորվում, որ արդյունքում կովի մկաններին համարժեք մի բան է ստացվում»,- բացատրել է Redefine Meat–ի գլխավոր տնօրեն Էշար Բեն Շիթրիթը և հավելել․ «Արտադրանքի հիմնական առավելություններից է այն, որ շատ արագ է ստեղծվում, քան բնական միսը»։ 

Ընկերությունից հայտնում են նաև, որ արդեն տպագրության այն մակարդակին են հասել, որ ժամում 20 կգ սթեյք են տպում։ Արհեստական արտադրանքը, ընկերության ներկայացուցիչների հավաստմամբ, ավելի էժան է լինելու, քան սովորական ապրանքների պարագայում։

Իսրայելական ռեստորաններում արտադրանքը փորձարկում է անցնելու ամռանը, 2021 թվականին այլընտրանքային միսը նախատեսվում է եվրոպական ռեստորաններում վաճառել, իսկ 2022-ին ՝ սուպերմարկետներում:

 

 

Redefine Meat's 3D printed plant-based steak

Իսրայելական ստարտափը սկսել է 3D տպիչի միջոցով վեգանների համար նախատեսված սթեյք տպել (լուսանկար)