Գյումրու ծերանոցի 151 շահառուներից 55-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանցից մեկը մահացել է, 12 աշխատակցի թեստի արդյունքները նույնպես դրական են

21:48 • 07.07.20

Հայկական Կարմիր խաչի Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում (Գյումրու նախկին տուն-ինտերնատ) 151 խնամվող շահառուից 55-ի մոտ կորոնավիրուս է հաստատվել, թեստը դրական է եղել նաև 12 աշխատակցի մոտ, խնամվող շահառուներից մեկը մահացել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կարմիր խաչի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը:

Tert.am-ի հետ զրույցում Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի համակարգող Արտեմ Պետրոսյանը նշեց, որ հուլիսի 2-ից թեստավորումները սկսել, բայց կենտրոնում առաջին աշխատակիցը վարակվել էր դեռևս հունիսի սկզբին: Նրա խոսքով՝ այդ աշխատակիցն աշխատանքի վայրում չէր վարակվել: «Մենք թեստավորում և նոր էինք թույլ տալիս մտնել աշխատավայր, այդ ժամանակ վարակավծներին հայտնաբերում էինք ու աշխատանքի չէինք թողնում, փակ ռեժիմով աշխատում էինք, դրա համար մեզ հաջողվեց այսքան դիմանալ»,- ասաց կենտրոնի համակարգողը:

Հարցին՝ այդ դեպքում ինչպես վարակը ներթափանցեց ու տարեցները սկսեցին վարակվել, նա պատասխանեց. «Մենք աշխատում էինք փակ ռեժիմով, սակայն բռնկումը վերջիվերջո տեղի ունեցավ: Ինչքան էլ փակ ռեժիմով աշխատենք, կապեր լինում էր, մատակարարներ էին գալիս, շտապօգնության, ոստիկանության կանչեր էին լինում. որևէ միջոցով ներթափանցել է»,- ասաց նա:

Նունե Գրիգորյանն էլ տեղեկացրեց, որ ծերերից 37–ը հոսպիտալացվել են, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, 4-ը՝ Երևանում, մյուսները՝ Սպիտակում

«Հուլիսի 6-ին կենտրոնի շահառուներից մեկը մահացել է կորոնավիրուսից։  Նա բուժում էր ստանում Սպիտակում։  90-ն անց շահառուն կորոնավիրուսից բացի ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ: Այս պահին վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոցային բուժման: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում»,- տեղեկացրեց Նունե Գրիգորյանը:

Նա նաև նշեց, որ կան 18 ասիմպտոմ խնամվողներ, որոնց համար տեղում բոլոր չափանիշներին համապատասխան մեկուսարան է պատրաստված:

«Համապատասխան հիվանդությունների կանխարգելման կենտրոնի Շիրակի մասնաճյուղի հետ ենք համագործակցում, իրենց համաճարակաբանները մեզ խորհրդատավություն են տրամադրում, թե ինչպես պետք է կազմակերպվի մեկուսարանը, որ չափահանիշներին համապատասխանի»,- ասաց Գրիգորյանը: