Մարդկությունն ապագայում կարող է բախվել ավելի մեծ թվով «կենդանական» համավարակների․ ՄԱԿ
ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցում ասվում է, որ աշխարհն այժմ բուժում է կորոնավիրուսային համավարակի առողջական և տնտեսական ախտանշաները, սակայն ոչ՝ բնապահպանական․ դրա հետևանքով ապագայում կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդությունների աճ կարող է նկատվել, գրում է The Guardian պարբերականը։
Զեկույցում նշվում է, որ արդեն իսկ «կենդանական» համավարակների թիվն ավելանում է, իսկ դրա հիմքային պատճառը մարդկանց կողմից բնության ավերումը և սննդի՝ գնալով մեծացող պահանջն է։
«Մարդկանց գնալով ակտիվացող գործունեությունն ազդում է մոլորակի ամբողջ շրջակա միջավայրի վրա՝ բնակավայրերի ստեղծումից մինչև հանքարդյունաբերություն։ Մարդկային այս կենսագործունեությունը քայքայում է բնությունը, որը մի ժամանակ նրանց պաշտպանել է մի շարք պաթոգեններից։ Չափազանց կարևոր է խնդրի «արմատները» հասկանալը, հակառակ դեպքում մենք անընդհատ պարզապես դրանց «արձագանքելու» առջև կկանգնենք»,- նշել է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի և վայրի բնության հարցերով գործակալության ղեկավար Դորին Ռոբինսոնը։
Ըստ զեկույցի հեղինակների՝ անգամ նախքան կորոնավիրուսը «կենդանական» հիվանդություններից հիմնականում աղքատ երկրներում տարեկան 2 միլիոն մարդ է մահանում։ Փորձագետների խոսքով՝ կորոնավիրուսի համավարակը մեր օրերում մեծապես սպասելի երևույթ է եղել։










