Apple-ը դիմել է ծալվող iPhone-ի ստեղծման համար անհրաժեշտ արտոնագիր ստանալու համար (լուսանկարներ)
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դիմել է Արտոնագրերի եւ ապրանքանիշերի բյուրոյին, որպեսզի ծալվող սմարթֆոնի արտոնագիր ստանա:
Արտոնագրի համաձայն՝ սմարթֆոնն ունենալու է մի շարք յուրահատուկ դիզայներական լուծումներ, գրում է Daily Mail-ը։
Հետաքրքիր դիզայներական լուծումներից մեկն այն է, որ ծալած վիճակում սմարթֆոնի էկրանի մի մասը բաց կմնա՝ տրամադրելով ծանուցումների և ծառայողական տեղեկատվության հասանելիություն:
Բացի այդ, այդ հատվածում էկրանը հնարավորություն կտա մուտք գործել արագ կարգավորումներ, ինչպիսիք են՝ «ինքնաթիռում» ռեժիմի գործարկումը և այլն: Այս տարբերակին որպես այլընտրանք դիտարկվում է սմարթֆոնի հետևի մասում առանձին փոքրիկ դիսփլեյի ներառումը։ Հնարավոր է նաև երկու էկրանների միաժամանակյա կիրառումը, ինչի դեպքում դրանցից մեկը միայն կցուցադրի տեղեկատվությունը, իսկ երկրորդը թույլ կտա մուտքագրել տվյալները:
Ինչպես նկատում է պարբերականը, չնայած այն հանգամանքին, որ Apple-ն արդեն մի քանի արտոնագրեր է ներկայացրել ծալովի սմարթֆոնների համար, դժվար թե մոտ ապագայում նման սարքեր ներկայացվեն գնորդներին։ Ընկերության խոսքով՝ նրանք ձգտում են լինել լավագույնը և ոչ թե առաջինը։












