ԱՄՆ-ն ուսումնասիրում է երեխաների անձնական տվյալների մասին օրենքը խախտելու համար TikTok-ին մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը
ԱՄՆ Առևտրի դաշնային հանձնաժողովը և արդարադատության նախարարությունը քննարկում են չինական TikTok հավելվածի ղեկավարությանը մեղադրանք ներկայացնելու հնարավորությունը՝ 14 տարեկանից ցածր օգտատերերի տվյալների գաղտնիությունը չպահպանելու համար: Այս մասին երեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը։
Աղբյուրի տվյալներով՝ ԱԴԾ-ի և արդարադատության նախարարության ներկայացուցիչները մի քանի տեսակոնֆերանսներ են անցկացրել TikTok-ի հետ կապված իրավիճակը քննարկելու համար:
Իր հերթին, չինական ժամանցային հավելվածի ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ TikTok-ը «ամենայն պատասխանատվությամբ է վերաբերվում բոլոր օգտատերերի անվտանգությանը»՝ նշելով, որ ԱՄՆ-ում 13 տարեկանից ցածր օգտատերերին հավելվածը տրամադրվում է «սահմանափակ գործառույթներով, ինչը թույլ է տալիս ապահովել անվտանգության և գաղտնի տվյալների պաշտպանության լրացուցիչ միջոցներ, որոնք հատուկ մշակված են այդ տարիքային խմբի լսարանի համար»։
Երեկ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները դիտարկում է երկրի տարածքում չինական TikTok հավելվածի աշխատանքն արգելելափակելու հնարավորությունը:
«Մենք դրան շատ լուրջ ենք վերաբերվում և, անկասկած, դիտարկում ենք այդ տարբերակը»,-ասել էր Պոմպեոն՝ պատասխանելով հեռուստահաղորդավարուհու այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն չի դիտարկում չինական սոցցանցերի, այդ թվում՝ TikTok հավելվածի աշխատանքի արգելափակման հնարավորությունը, ինչն ավելի վաղ արել էր Հնդկաստանը:
Հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղարը մարդկանց խորհուրդ կտար TikTok ժամացային հավելվածը ներբեռնել իրենց հեռախոսների մեջ, Պոմպեոն հայտարարել էր, որ խորհուրդ կտար այդ հավելվածն օգտագործել միայն այն դեպքում, եթե մարդիկ ցանկանում են, որ իրենց անձնական տվյալները հայտնվեն «Չինաստանի կոմունիստական կուսակցության ձեռքում»:










