Եթե ԲԴԽ-ն որոշի կարգապահական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Ազարյանին՝ երբևէ անկախ դատական համակարգ ունենալու մեր հույսերն ի դերև կլինեն. Երվանդ Վարոսյան
Ակնկալում եմ, որ օրինական որոշում կկայացվի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ և կարգապահական վարույթը կկարճվի: Չնայած ակնհայտ է, որ այս գործի տակ քաղաքական ենթատեքստ կա։ Tert.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Երվանդ Վարոսյանը՝ անդրադառնալով վաղը կայանալիք ԲԴԽ նիստին, որտեղ պետք է քննարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ հարցը:
Փաստաբանի կարծիքով՝ Ալեքսանդր Ազարյանի դեմ կարգապահական վարույթը, ի սկզբանե, հարուցվել է ոչ թե ենթադրյալ կարգապահական խախտման պատճառով, այլ իր կողմից նախկինում կատարած և իշխանությանը դուր չեկած որոշումների պատճառով:
«Եթե հանկարծ ԲԴՆ-ն որոշի նման իրավիճակում և այս պայմաններում կարգապահական պատասխանատվության ենթարկել Ալեքսանդր Ազարյանին, մենք կարող ենք արձանագրել, որ երբևէ անկախ դատական համակարգ ունենալու մեր հույսերը ի դերև կլինեն: Հետևանքները լինելու են ծանր՝ մնացած բոլոր դատավորներն այլևս զգուշանալու են և որոշումներ կայացնելիս ոչ թե ղեկավարվելու են օրենքով և փաստական հանգամանքներով, այլ օրվա քաղաքական իշխանության ցանկություններով»,- ասաց փաստաբանը:
Երվանդ Վարոսյանը նշեց, որ նույն ապօրինի քրեական հետապնդումն իրականացվում է նաև ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ.
«Ցավոք սրտի, ժողովրդավարական և իրավական արժեքները ձևականորեն հռչակած իշխանությունն իրականում ամեն ինչ անում է իր հռչակածին հակառակ»,-ասաց նա:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը համոզված է, որ գործը հնչեղություն չէր ստանա, եթե դատավոր Ալեքսանդր Ազարյանին չվերաբերեր.
«Դատավոր Ազարյանը մեր դատական համակարգում էտալոնային դատավոր է: Եթե իշխանությունը՝ այսօրվա կամ վաղվա, ցանկանում է ունենալ նորմալ դատական համակարգ, պետք է ամեն ինչ անի, որ դատական համակարգը համալրված լինի հենց դատավոր Ազարյանի նման մարդկանցով, այլ ոչ թե մորթապաշտ կամակատարներով: Եվ եթե իշխանահաճո որոշումներ կայացրած դատավորներից որևէ մեկը նման բան ասած լիներ, մենք այդ մասին չէինք էլ իմանա»,-ավելացրեց նա:










