BMW մոտոցիկլներն ինքնուրույն կկարգավորեն արագությունն ու այլ փոխադրամիջոցների հետ հեռավորությունը

15:42 • 08.07.20

Գերմանական BMW ընկերությանը պատկանող BMW Motorrad ստորաբաժանումից հայտնել են մոտոցիկլներում նոր Active Cruise Control (ACC) համակարգի ներդրման մասին. համակարգն ինքնուրույն հսկում է մոտոցիկլի արագությունը, ինչպես նաև դիմացից շարժվող մեքենայից անհրաժեշտ հեռավորություն պահում․ հայտնի է, որ նախկինում այս համակարգը կիրառվել է մեքենաներում, գրում է motor.ru կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ այս համակարգի ստեղծման աշխատանքներին Bosch ընկերության հետ մեկտեղ մասնակցել են նաև բավարացի ինժեներները։ Նշվում է, որ համակարգը վարորդին թույլ է տալիս դիմացի շարժվող օբյեկտից հեռավորության մի քանի մակարդակ, ինչպես նաև շարժման արագություն ընտրել, որոշել արագացման և դանդաղեցման մակարդակները։

BMW Motorrad–ից նշել են, որ կրուիզային վերահսկողությունը միայն օգնող համակարգ է, որը որևէ կերպ չի ենթադրում անցում ամբողջովին ավտոմատ կառավարման:

«Համակարգը ստեղծված է շարժվող օբյեկտների հետ փոխազդեցության համար, սակայն խաչմերուկներում կամ չշարժվող խոչընդոտների առջև կանգնելու համար վարորդն ինքը պետք է արգելակի»,- պարզաբանել են ընկերությունից։

BMW մոտոցիկլներն ինքնուրույն կկարգավորեն արագությունն ու այլ փոխադրամիջոցների հետ հեռավորությունը